Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

«ՔՐԻՍՏՈՍ ՓԱՌԱՑ ԹԱԳԱՒՈՐ ԱՅՍՕՐ
ԵԿԵԱԼ ՅԸՆԾԱՅՈՒՄՆ...»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Աստուածային հրամանաւն, կայր ծերացեալ ի Տաճարն,
ոչ տեսանէր նա զմահ, մինչեւ տեսցէ նա զօծեալն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

մեն տարի փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբում է Տյառնընդառաջը՝ քառասնօրյա Հիսուսի տաճարընծայման հիշատակը: Ըստ ավանդության՝ այս տոնը կարգել է Ս. Հակոբոս Տյառնեղբայրը՝ պատվիրելով, որ Քրիստոսի Եկեղեցին ամեն տարի, Փրկչի հրաշափառ Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո, նշի Տիրոջ Երուսաղեմի տաճար գալու տոնը: Տյառնընդառաջը համարվում է նաեւ Լույսի տոն:

ԸՍՏ ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Երբ Հիսուս ծնվեց, Նրան, ընդունված կարգի համաձայն, Երուսաղեմի տաճար տարան, քանի որ, ըստ Մովսիսական Օրենքի, «ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի, եւ Տիրոջը, Օրենքում ասվածի համաձայն, պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու ձագ» ¥Ղուկ. Բ 23-24¤՝ մեկը ողջակեզի եւ մյուսը մեղքերի քավության համար: Մարիամի եւ Հիսուսի համար տաճար գալը զուտ օրենքի գործադրություն էր: Նրանք ենթակա չէին օրենքին: Ս. Աստվածածնի պարագայում այս օրենքն անիմաստ էր, քանզի նրանից ծնվածը՝ Հիսուս, հղացվել էր Սուրբ Հոգու զորությամբ: Նա տաճար էր գնում Իր իսկ սահմանած օրենքը կատարելու՝ դրանով հաստատելով Իր ճշմարիտ մարդեղությունը:

Երբ Հիսուսին գրկած Մարիամը մոտենում է տաճարին, արեւելյան դուռը, որն Աստծո հրամանով փակ էր, մեծ դղրդյունով բացվում է: Համաձայն Քրիստոսից վեց դար առաջ ապրած Եզեկիելի մարգարեության՝ «այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այդտեղով… Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով եւ նույն տեղով էլ դուրս է գալու» ¥Եզեկիել Դ 1-3¤:

Երուսաղեմի բնակիչները ջահերով ու ճրագներով շտապում են տեսնելու տաճար եկողին՝ միմյանց ձայն տալով. «Տերն անցավ այս դռնով»: Տեղ հասնելով՝ նրանք տեսնում են մանուկ Հիսուսին՝ ծնողների հետ: Սուրբ Հոգուց առաջնորդվելով՝ տաճար եկած Սիմեոն ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչեւ տեսներ Տիրոջ Օծյալին, իր գիրկն առնելով Մանկանը, ասում է. «Այժմ, ո՛վ Տեր, համաձայն Քո խոստման, թող որ Քո ծառան մեռնի խաղաղությամբ, քանզի աչքերս տեսան Փրկչին» ¥Ղուկ. Բ 29¤:

Ահա ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական գեղեցիկ տոնի՝ Տյառնընդառաջի հիմքն է հանդիսանում: Իր հավատի շնորհիվ Սիմեոնը, առաքյալների նման, արժանանում է այն երանությանը, որի մասին Տերն ասում է. «Երանի ձեր աչքերին, որ տեսնում են ու ձեր ականջներին, որ լսում են …» ¥Մատթ. ԺԳ 16-17¤: Ավետարանում հիշատակվում է նաեւ Աննա մարգարեուհին, մի բարեպաշտ այրի, ով ժամանակն անցկացնում էր տաճարում՝ պահքով ու աղոթքով ¥Ղուկ. Բ 37¤: Տեսնելով մանուկ Հիսուսին՝ նա եւս փառաբանում է Աստծուն:

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Սիմեոնն ու Աննան խորհրդանշում են, Փրկչին ընդառաջ դուրս եկած, Հին Ուխտի ողջ մարդկությունը: Եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է. «Մանուկն ընծայվելով Տաճարին՝ ազատեց մարդկությանը երեք կապանքից. Օրենքի անեծքից դեպի ավետարանական փրկություն, մեղքի դատապարտությունից արդարության, մահկանացու կյանքից հավիտենական կյանքի: Այդ հույսով եւ հավատով էր Սիմեոնն սպասում Մանկանը, եւ իզուր չէ, որ Սիմեոնին, որը գրկեց Անգրկելիին, նույնացրել են Ադամի՝ նախածնողի հետ»:

«ՏԷՐՆԴԵԶ ԴԱՐՄԱՆԸ ԿԷՍ,
ԱՌՆԵՄ ԶՉՈՒԱՆ, ԼՆԱՄ ԴԵԶ…»
ՆԱԽԱՏՈՆԱԿ

Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Կատարվում է նախատոնակ, որի ժամանակ երգվում է «Լոյս զուարթ» շարականը:

Տոնին հայերս կրակ ենք վառում, քանզի ցանկացած քրիստոնեական տոն ունի ազգային ավանդություն, աղերսներ անցյալի ու ներկայի, հնի ու նորի հետ, եւ յուրաքանչյուրն էլ յուրովի գեղեցիկ է: Անշուշտ, տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է՝ ջահերով եւ մոմերով: Ինչպես Նա խոնարհվեց ու եկավ աշխարհ՝ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ: Հավելենք նաեւ, որ Հին Ուխտի եւ ընդհանրապես նախաքրիստոնեական շրջանի բազմաթիվ սովորույթներ, ավանդույթներ ու պատկերացումներ, Քրիստոսի աշխարհ գալով, վերաիմաստավորվեցին՝ ձեռք բերելով նոր խորհուրդ ու իմաստ:

Նման սովորույթներից է Տյառնընդառաջի տոնի օրը խարույկ վառելը: Կրակը՝ որպես աստվածային հայտնության խորհրդանիշ, քրիստոնեության մեջ ընկալվեց նաեւ որպես Սուրբ Հոգու մարմնավորում, մաքրագործություն հոգեւոր վերելքի ու նվիրումի: Ս. Գրիգոր Տաթեւացին այդպես է բնութագրում այն. «Դա Սուրբ հոգուն էր խորհրդանշում, որ հրեղեն լեզուներով առաքյալների վրա իջավ, նրանց մեղքերը մաքրեց ու միտքը լուսավորեց…: Եվ հուրը բորբոքելով՝ Նրա սիրո հուրն ենք խնդրում, որպեսզի մաքրի մեր մեղքերի ժանգն ու աղտեղությունը եւ սրբելով պայծառացնի մեր մտքերն ու հոգիները: Դրա համար այդ երեկո կրակ ենք վառում»:

Փետրվարի 13-ին Ս. Աստվածածին մայր եկեղեցում ի մի էր եկել հավատացյալների հոծ բազմությունը: Հավարտ երեկոյան ժամերգության հոգեւորականաց հանդիսավոր թափորը, հոգենորոգ շարականների երգեցողությամբ, ուղղվեց դեպի Գյումրու Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց տարվա առաջին Անդաստանը, որով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը՝ հայրենիքն ու Ամենայն Հայոց Հայրապետությունը, բնակավայրերն ու դրանց բնակիչները, վանքներն ու եկեղեցիները եւ տարվա պտղաբերությունը: Օրհնվեցին նաեւ այն մոմերը, որոնց կրակով, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, վառվեց, հրապարակի կենտրոնում պատրաստված, ավանդական խարույկը:

Այնուհետեւ խարույկի շուրջը բոլորեց ուրախ շուրջպարը, որի կազմակերպիչներն էին «Հայկական զարդանախշեր» եւ «Հրայրք» ազգագրական պարային համույթները ¥պարուսույցներ՝ Բագրատ Հովհաննիսյան, Դավիթ Հարոյան, Ստեփան Թորոյան¤: Տոնախմբությունն ավելի հետաքրքիր դարձավ լարախաղաղացի ներկայությամբ եւ շարունակվեց մինչեւ ուշ երեկո:

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Տյառնընդառաջի հնօրյա ավանդույթներին մեր օրերում հավելվել է եւս մեկը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր:

Սուրբ Յոթվերք եկեղեցի եկած նորապսակ զույգերը ոչ միայն օրհնություն ստացան, այլեւ տուն տարան վառվող ճրագներ՝ իրենց բակերում խարույկներ վառելու համար:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 14-ին մեծաթիվ հավատացյալներ Ս. Յոթվերք եկեղեցում ներկա գտնվեցին Տյառնընդառաջի Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով նաեւ տոնի խորհուրդը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները