Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

«ԽՆԴՐԵՍՑՈՒՔ ՀԱՒԱՏՈՎ Ի ՀՕՐԷ ՎԱՍՆ ՔԱՒՈՒԹԵԱՆ ՄԵՂԱՑ
ԵՒ ԹՈՂՈՒԹԵԱՆ ՅԱՆՑԱՆԱՑ…»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍԱՐԱԳՅՈՒՂՈՒՄ

եծ Պահքի շրջանում եւս թեմակալ Առաջնորդը շարունակում է հովվական այցերով լինել գյուղական համայնքներում, մատուցել Սուրբ եւ անմահ Պատարագ՝ բարեպաշտ ժողովրդին այս կերպ հաղորդակից դարձնելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ուսուցումներին:

Մեծ Պահքի երկրորդ կիրակին մեր Եկեղեցին կոչել է Արտաքսման: Այն մեզ հիշեցնում է, անհնազանդության պատճառով, Ադամի դրախտից արտաքսման, ինչպես նաեւ մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին եւ փաստում Քրիստոսի միջոցով մարդու՝ դրախտին կրկին արժանանալու հանգամանքը:

Փետրվարի 18-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն իր հերթական օրհնաբեր այցը կատարեց Աշոցք համայնքի Սարագյուղ, որը գտնվում է Գյումրիից 47 կմ հյուսիս արեւմուտք:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Սարագյուղը ¥նախկինում՝ Դարագյուղ, Դարաքենդ, Դարաքյոյ¤ գտնվում է Աշոցքի հյուսիսային կողմում, Ծաղկաշեն գետի մոտ, Ջավախքի լեռնաշղթայի արեւմտյան լանջին: Սարագյուղ է վերանվանվել 1946 թվականի նոյեմբերի 12-ին: Գտնվում է սարալանջի վրա՝ շրջապատված քարքարոտ լեռնալանջերով եւ արգավանդ սեւահողային դաշտերով:

Բնակիչների նախահայրերը եկել են Ալաշկերտից ¥1873 թ.¤, Մուշից, Էրզրումից 1915-20 թթ.: Այդ ժամանակ գյուղն ուներ 135 հայ բնակիչ. ամենաբարձր ցուցանիշը՝ 468-ը գրանցվել է 1931-ին: Ծառազուրկ է, կլիման՝ ցուրտ: Ջավախքին դեմ-դիմաց գտնվող գյուղն այսօր ունի լուրջ հիմնախնդիրներ, որոնցից մեկն էլ եկեղեցու բացակայություն է:

Հին գյուղատեղում եղել է անշուք եկեղեցի, որը կանգուն էր մինչեւ 1960 թվականը: Գյուղն ուներ նաեւ հոգեւոր հովիվ՝ Տ. Մկրտիչ քհն. Իգիթյանը: Աղոթատնից այսօր միայն ավերակներ են մնացել:

Սարագյուղցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Այժմ այստեղ ապրում է 30 ծուխ՝ 120 բնակչով: Հավելենք նաեւ, որ 2017 թվականի հուլիսի 22-ին, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց գյուղում կառուցվելիք եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողություն: Աղոթատունը կառուցվելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ:

1988 թ. դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժն անտարբեր չի անցել այս գյուղի կողքով եւս: Եղել են ավերվածություններ, որոնց վերականգնման աշխատանքներին մասնակցել են Պոլտավայի մարզի շինարարները: Ութնամյա դպրոցը կառուցվել է 2002 թվականին ՀՍՆՆ-ի կողմից, իսկ տասը տոկոս ներդրումը կատարել է «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» կազմակերպությունը:

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Չնայած անբարենպաստ եղանակին եւ տեղացող ձյանը, Առաջնորդ Սրբազան Հոր օրհնաբեր այցելությանն անհամբերությամբ էին սպասում ութնամյա դպրոցի բակում հավաքված սարագյուղցիները: Պատմության մեջ առաջին անգամ Սարագյուղում, այն էլ հիմնական դպրոցում, մատուցվելու էր եպիսկոպոսական Սուրբ եւ անմահ Պատարագ:

Թեմակալ Առաջնորդին դպրոցի բակում դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Դիմավորողների թվում էին Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, դպրոցի տնօրեն Գինեվարդ Հակոբյանը, ուսուցչական կազմը եւ աշակերտները:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
ՄՈՒՏՔ «ՀՐԱՇԱՓԱՌ»-ՈՎ

Միքայել Սրբազանը «Հրաշափառ»-ի հոգենորոգ երգեցողությամբ մուտք գործեց դպրոցի հանդիսությունների սրահ, ուր, Արտաքսման կիրակիի առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Միքայել եպս. Աջապահյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը՝ առանձնակի շեշտելով Մեծ Պահքի կարեւորությունն ու նշանակությունը հավատացյալների կյանքում:

Առաջնորդ Սրբազանն ի մասնավորի ասաց. «Մեծի Պահոց շրջանի երկրորդ կիրակին մեր Եկեղեցին անվանում է Արտաքսման կիրակի եւ մեզ հրավիրում խորհրդածել այն իրողության շուրջ, որ կար ժամանակ, երբ մեր նախահայրն ու նախամայրը՝ Ադամն ու Եվան, դրախտում էին, երանության մեջ եւ ոչ մի բանի կարիք չունեին: Ամեն ինչ նրանց տրված էր ի վերուստ: Եվ ընդամենը չպետք է ուտեին չարի եւ բարու գիտության ծառից: Բայց մարդն այդ ամբողջ շքեղությունը թողեց եւ արգելված ծառի արգելված պտուղը ճաշակեց:

Եկեղեցին ասում է, որ այս երեւույթը հենց պահքի հաստատումն է…: Ազատությունը մարդուն տրված մեծագույն շնորհն է, բայց այդ մեծագույն շնորհը մարդու համար կարող է լինել երջանկության առիթ եւ կարող է լինել դժբախտության առիթ: Նայած, թե մարդն ինչպես է օգտագործում այն: Մարդն ունի հնարավորություն դրախտային երանական կյանքին վերադառնալու…»:

Այնուհետեւ Միքայել Սրբազանը հավելեց. «Տերը մեզ պատգամում է միշտ պատրաստ լինել Իրեն դիմավորելուն: Չպետք է նմանվենք այն չար երեխային, ով ինչ որ բան կոտրել է եւ ահուդողով սպասում է, որպեսզի հայրը վերադառնա աշխատանքից եւ իրեն պատժի… Պիտի սպասենք իբրեւ հավատարիմ զավակներ, որ ոչինչ չենք արել ամաչելու համար:

Աստված կամենում է, որ մենք հասնենք այնտեղ, որտեղից սխալմամբ դուրս եկանք, եւ մենք պարտավոր ենք վերադառնալ: Մեծի Պահոց այս շրջանը, որ սպասում է մեզ, ծառայեցնենք ի շահ մեր հոգիների մաքրման եւ հավուր պատշաճի դիմավորենք Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարությունը՝ դեպի դրախտ վերադարձի ակնկալությամբ:

Թող Աստված օրհնի ձեզ, ձեր գյուղը եւ աստվածային շնորհներն առատապես իջնեն ձեզ վրա. ամեն»:

Հավարտ սրբազան արարողակարգի դպրոցի կողմից տրվեց հյուրասիրություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները