Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

«ԱՒԵՏԱՒՈՐ ՀՐԵՇՏԱԿՆ ԱՒԵՏԱՐԱՆԷՐ
ԶԾՆԵԱԼ ՓՐԿԻՉՆ Ի ՍՐԲՈՅ ԿՈՒՍԷՆ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՓՈՔՐԱՇԵՆՈՒՄ

ունվարի 21-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հովվական հերթական այցով, եղավ Մարմաշեն համայնքի Փոքրաշեն գյուղում, ուր եւ մատուցեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ:

Մարմաշեն համայնքի Փոքրաշեն (նախկինում՝ Փոքր Քեթի) գյուղը գտնվում է Շիրակի լեռնաշղթայի հարավային լանջին, Մարմաշենից 15 կմ հյուսիս-արեւելք:

Փոքրաշենով է անցնում Գյումրի-Աշոցք ավտոմայրուղին: Այն հովասուն կլիմայով, սառնորակ աղբյուրներով մի վայր է: Ունի 188 տարվա պատմություն: Բնակիչների նախնիները եկել են Բասենի Ախա գյուղից՝ 1830 թվականին: 1988 թվականի երկրաշարժից գյուղն ավերվել է: Փոքրաշենը վերակառուցել են Էստոնիայից եկած շինարարները: Այժմ այստեղ ապրում է 45 ծուխ՝ 235 բնակչով:

ԺԹ ԴԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ

1890 թվականին, բարեպաշտ փոքրշենցիների նախաձեռնությամբ ու ջանքերով, կառուցվել է բազիլիկ տիպի եկեղեցին: Աստվածամերժության տարիներին այն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ: Մասամբ խոնարհվել է 1988 թվականի երկրաշարժից:

Եկեղեցու պատերը շարված են խոշոր չափսերի սեւ սրբատաշ տուֆաքարով: Ունի մեկ մուտք՝ հարավային կողմում: Հատակագիծն արտաքուստ արեւմուտքից արեւելք ձգվող քառանկյունի է, ներսից կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով, պատարագամատույց սեղանով, երկու խորաններով: Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է: Լուսավորվում է հարավային ճակատից բացված երեքական լուսամուտներով, եւ կա փոքր լուսամուտ՝ սեղանը լուսավորելու համար: Ներսից առկա են հնգական որմնասյուներ, որոնք իրար են կապում թաղակիր կամարները: Տանիքը փայտյա է, հատակը պատված սալաքարերով:

Փոքրաշենում ապրող հավատացյալը համոզված է, որ դարեր շարունակ հայ ժողովրդի միակ պատվարը եղել եւ մնում է հարազատ եկեղեցին: Այսօր արդեն յոթանասուն տարիների բացը լրացնում են Առաջնորդ Սրբազանի այցելությունները:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐՆ ԸՆԴԱՌԱՋ ՄՈՒՏՔ «ՀՐԱՇԱՓԱՌ»-ՈՎ

ԺԹ դարի եկեղեցու բակում Մարմաշենի հոգեւոր հովիվ Տ. Փառեն քհն Պետրոսյանը, Փոքրաշենի վարչական ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը, միջնակարգ դպրոցի տնօրեն Զոհրապ Արշակյանն ու աշակերտությունը, ինչպես նաեւ ներկա փոքրաշենցիները խանդավառությամբ դիմավորեցին թեմակալ Առաջնորդին եւ հանդիսավորաբար ուղեկցեցին եկեղեցի, ուր նա մուտք գործեց «Հրաշափառ»-ի հոգենորոգ երգեցողությամբ եւ մատուցեց եպիսկոպոսական Սուրբ եւ անմահ Պատարագ:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրը, «Աստված կամենում է, որպեսզի բոլոր մարդիկ ապրեն, կյանք ունենան եւ ճշմարիտ գիտությանը հասնեն» բնաբանով, օրվան պատշաճող հոգենորոգ քարոզ խոսեց՝ ի մասնավորի շեշտելով. «Այս տիեզերքը, որ ստեղծվել է Աստծո կողմից, անշուշտ աննպատակ չի ստեղծվել:

Եվ մարդկությունն էլ, որ ստեղծվել է Աստծո կողմից, դարձյալ աննպատակ չի ստեղծվել: Ստեղծվել է իբրեւ այս Տիեզերքի տեր եւ իշխան, իբրեւ տնտես, որը պետք է այս տնտեսությունը վարի, եւ ներկայանա Տիրոջն իբրեւ բարի եւ իմաստուն տնտես, որպեսզի մարդը դրանով արժանանա հավիտենական կյանքին եւ հավիտենական փրկությանը:

Երբեմն, երբ քննում ենք մեր կյանքը կողքից, ինքներս խորշում ենք մեր ապրածից, որովհետեւ տեսնում ենք, թե ինչ դատարկ բաներով ենք զբաղված, եւ ինչ բաների մեջ ենք փնտրում մեր երջանկությունը:

Մենք, իբրեւ քրիստոնյա ժողովուրդ, պետք է բռնենք Տիրոջ փեշերը, ասելով՝ մեզ հաղորդակից դարձրու աստվածային գիտության, աստվածային ճշմարտության, Աստծո հետ հարաբերության: Մենք ուզում ենք Աստծուն ճանաչել, ճանաչել դեմ առ դեմ՝ ոչ թե լսելով, ոչ թե խոսքով, այլ դեմ առ դեմ:

Ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Շատ չնչին բան: Աստծո փառքը, Աստծո օրհնությունը եւ այս աշխարհի գեղեցկությունները: Տերն ասում է՝ նայեք երկնքի թռչուններին. ո՛չ ցանում են, ո՛չ հնձում են, բայց ոչ մեկը սոված չի մնում: Առավել եւս դուք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն եք, Աստված ձեզ ինչպե՞ս սոված կթողնի:

Բայց երբ մենք մոռանում ենք Աստծո գոյությունը, Աստծո հետ հարաբերությունը, կուշտ ժամանակ էլ ենք սոված: Այն մարդը ով հարուստ է Աստծով, կարող է չնչին բանով ուրախանալ, չնչին բանով խնդություն ապրել, եւ չնչին բանով բավարարվել:

Ուրախ եմ, որ այս փոքրիկ եկեղեցում, այս փոքրիկ գյուղի մեջ հավաքվել ենք՝ փորձելու գտնել Աստծո ճշմարիտ գիտությունը, Աստծո ճշմարտությունը եւ գտնելուց հետո ուրախանալ, ձեռքից բաց չթողնել Աստծո հետ ապրելու երանությունը:

Դարձյալ վերադառնալով Առաքյալի խոսքին, ասենք՝ հոգին մի՛ հանգցրեք: Առավել եւս մի հանգցրեք ձեր երեխանների մեջ: Փոքրուց նրանց սովորեցրեք, որ իրենք, մարմին լինելուց առաջ, հոգի են: Եվ այդ հոգեւոր կյանքի փնտրտուքը, հոգեւոր կյանքին ձգտելու հասկացողությունը թող ունենան, որպեսզի Աստված իրենց օրհնի, մեզ բոլորիս օրհնի, եւ եթե Աստված մեզ բոլորիս օրհնի, ոչ մի դժվարություն, ոչ մի խոչընդոտ մեզ մեր ուղուց չեն հրաժարեցնի, իսկ աշխարհը կդառնա ավելի թեթեւ, ավելի հանգիստ, ավելի խաղաղ, ավելի անվրդով ու ավելի երջանիկ:

Թող Տիրոջ սերը եւ օրհնությունը լինեն բոլոր բոլորիս հետ, եւ բոլորս էլ ունենանք այդ ճշմարիտ գիտության գիտակցությունը: Փնտրենք եւ գտնենք մեկ Աստծուն եւ մեկ միջնորդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին. այժմ եւ հավիտյանս. ամեն»:

Հավարտ Սուրբ Պատարագի ներկաները համբուրեցին Ս. Ավետարանը եւ ստացան Սրբազան Հոր օրհնությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները