Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

«ԱՒԵՏԱՐԱՆԵՄ ՁԵԶ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ՄԵՐ,
ՈՐ ԵՂԻՑԻ ԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Այսօր աստվածային ու երկնային տոն է՝ սուրբ եւ պատվական, Սուրբ Հոգու աստվածային լույսի ճառագայթների ծագումը, որը պայծառորեն շողում է աշխարհում»:
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ

ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ

Այո, անմահ ու հավիտենական Աստված, Իր անճառելի ու անիմանալի բարձրությունից խոնարհվելով, մարմնանում է, մարդանում, վերցնում հողեղեն մարդկային բնությունը, եւ դա միայն նրա համար, որ կավակերտ արարածը՝ մարդը, հնարավորություն ստանա վերստին աստվածանալ, այսինքն՝ ոչ թե մարդկային բնությունը պիտի վերածվի, փոխակերպվի աստվածային անքննելի ու անճանաչելի Էության, ոչ թե մարդն Արարիչ Աստծո ամենագիտությամբ պիտի օժտվի՝ Աստված դառնա, այլ նա, ըստ աստվածային օրենքների կենցաղավարելո, պետք է վերագտնի իր աստվածանմանությունը եւ նորոգի իր աստվածային պատկերը: Իսկ դա հնարավոր է միայն մեղանչականությունից, մեղավոր կյանքից բաժանվելով, ի գին մահու մեղքից խորշելով, կատարելության աստվածացույց շավղով ընթանալով եւ Երկնավոր Հորը նմանվելով. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. Ե 48), քանզի «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա» (Ս. Աթանաս Ալեքսանդրացի):

Հայտնություն եղավ նաեւ Փրկչի մկրտությամբ, քանի որ այդ կերպ հայտնի դարձավ Քրիստոսի Աստվածությունը (Մատթ. Գ 16-17): Այդ օրը, Որդու մկրտությամբ, Հոր ձայնով եւ Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ, հայտնվեց նաեւ Ս. Երրորդության խորհուրդը, որ դարեր շարունակ ծածկված էր մարդկանցից: Անշուշտ, Քրիստոսի Ծննդյամբ ծնունդ առան նաեւ մյուս տոները՝ ինչպես ակունքից բխող բազմաթիվ աղբյուրներ:

«ՓԱՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ԾՆԴԴԵԱՆ ՔՈ, ՏԷՐ» ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 5-ին՝ հավարտ երեկոյան ժամերգության, սարկավագներն ընթերցեցին Դանիել մարգարեի թղթերը, ով, որպես կանխասաց, վկայեց ու ավետեց մեզ գալիքը: Նախնյաց ավանդույթի համաձայն՝ խորհրդին հատուկ արարողակարգով, վառվեցին հայոց եկեղեցիների ջահերն ու կանթեղները՝ խորհրդանշելով մոգերին առաջնորդող Բեթղեհեմյան լուսաշող աստղը:

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագին մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ էին հավաքվել Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում՝ ներկա գտնվելու մարտուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Նա, ում չէր պարունակում երկինքն ու երկիրը, խանձարուրի մեջ պատվեց» բնաբանով, օրվան համահունչ հոգեհույզ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

«ՔՐԻԱՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ»

Հունվարի 6-ին՝ երկու հազար տարվա հեռվից, հայոց եկեղեցիներում կրկին հնչեցին հոգենորոգ այս խոսքերը. «Զի ծնաւ մեզ այսօր Փրկիչ»: Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սարգիս, Ս. Մինաս եկեղեցիներում մատուցվող Աստվածահայտնության Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Ս. Յոթվերքում օրվա պատարագիչն էր թեմակալ Առաջնորդը:

Հընթացս Սուրբ Պատարագի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը: Այնուհետեւ ներկաներից շատերն ստացան Ս. Հաղորդություն:

ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգի համաձայն՝ Սուրբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնյաց կարգ, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Մկրտությունը. «Այսօր գալով՝ իջավ Հորդանան, սրբեց ջրերը եւ ջրի սրբությամբ ու հոգու կենդանությամբ լուսավորեց մարդկանց» (Ս. Բարսեղ Կեսարացի):

Ըստ համապատասխան աղոթքի՝ հոգեւորականները, ժողովրդի անունից, Տիրոջից խնդրում են օրհնել ու սրբել ջուրը՝ այն դարձնելով օգտակար տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների փրկության համար, ապա ջրի մեջ իջեցնել Սուրբ Հոգու բժկության եւ չար զորությունների դեմ հաղթության շնորհները: Աղոթքից հետո հոգեւորականը խաչն իջեցնում է ջուրը: Այնուհետեւ ջուրն օրհնվում է Ս. Խաչի նշանով, Ս. Ավետարանով եւ սրբալույս Մյուռոնով: Հանուն Սուրբ Երրորդության օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ հանդիսապետությամբ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, հոգեւորականաց թափորն ուղղվեց Վարդանանց հրապարակ: Կենաց ծառը խորհրդանշող ամանորյա տոնածառի հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի վրա կատարվեց Ջրօրհնեքի արարողակարգը: Այս տարի Սուրբ Խաչի կնքահոր պատվին արժանացավ Արտյոմ Ղուկասյանը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին՝ Ս. Ծննդյան տոնին հաջորդող օրը, Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց մեռելոցի Սուրբ Պատարագ: Հավարտ սրբազան արարողության կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ վասն համորեն ննջեցելոց:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները