Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

«ԱՐԴ ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ՔԵԶ ՈՒՆԻՄՔ, ՈՐՔ ԱՍՏ
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՏԻԵԶԵՐՍ ՍՈՒՐԲՔ ԻՑԵՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Աղաչանօք սրբոց հայրապետացն, Տէր, որք ճգնեցան վասն անուանդ քում սրբոյ, նայեա՛ յերկրպագութիւն ժողովելոցս, եւ շնորհեա՛ մեղաց զթուղութիւն…»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Հակոբ Մծբնա հայրապետն ինչպես ասորիների, այնպես էլ հայերի կողմից մեծապես սիրված ու պատվելի սրբերից է: Նա Նիկիայի առաջին տիեզերաժողովի մասնակից 318 հայրապետներից է եւ, ըստ ավանդության, մեծ հարգանք էր վայելում Կոստանդիանոս Մեծ Կայսեր ու ժողովականների մոտ՝ նախանձախնդրությամբ պաշտպանելով քրիստոնեական ուղղափառությունն Արիոսի եւ արիոսականների մոլար դավանությունից: Նրան նվիրված տոնը Հայ Առաքելական Ս. Եկեղեցում հաստատվել է շատ վաղ շրջանում եւ նշվում է հիսնակի երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, որը դեկտեմբերի 12-18-ը հանդիպող շաբաթ օրն է:

Ըստ սրբազան ավանդության՝ Սուրբ Հակոբը, ցանկանալով Նոյան տապանից մի կտոր վերցնել, որոշում է բարձրանալ Արարատ լեռը: Սակայն երբ հոգնում է եւ ննջում Մասիս լեռան ստորոտին, հրեշտակը տապանից մի կտոր է բերում եւ դնում նրա գլխի տակ: Սուրբը, արթնանալով եւ տեսնելով տապանի կտորը, գոհանում է Աստծուց եւ, վերցնելով օրհնված փայտը, ետ է վերադառնում: Այժմ այդ մասունքը պահվում է Ս. Էջմիածնում:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Դեկտեմբերի 16-ին՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի ուրախ առիթով, Անի թաղամասի համանուն եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, որին ներկա էին մեծաթիվ հավատավոր ուխտավորներ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարուժան քհն. Տերտերյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Որովհետեւ Իր ձեռքում ենք ե՛ւ մենք, ե՛ւ մեր խոսքերը, ե՛ւ ամենայն հանճար, ե՛ւ նաեւ խելամուտ գործերը» բնաբանով, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց եւ ներկաներին օրվա խորհուրդը մեկնեց Շիրակի թեմի Բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը՝ նշելով, որ Սուրբ Հակոբը թեպետ ազգությամբ հայ չէ, սակայն մեծ է նրա ավանդը՝ շատերին դարձի բերելու գործում, իսկ հայերիս, համար հատկանշական է Նոյան Տապանի մասունքի հետ կապված պատմությունը, որով Սուրբը մեկ անգամ եւս անհավատներին ապացուցեց նրա գոյությունը. «Միշտ ասել եմ՝ երբե՛ք բավարար չէ որեւիցե Սրբի հիշատակության օրը բավականանալ նրա կյանքի շուրջ մտածելով, կենսագրությունը հիշելով եւ սեփական անձի համար ոչինչ չվերցնելով... Եկեղեցին մեզ հրավիրում է, Սրբերի տոնի շուրջ խորհրդածելու, Ս. Պատարագի արարողության մեջ ամփոփվելու: Ինչո՞ւ: Որպեսզի մեր մեջ տեղի ունենա փոփոխություն, ինչը մինչ այսօր տեղի չի ունեցել այս կամ այն պատճառով: Աստված ամեն օր սպասում է մեր մեջ կատարվելիք փոփոխությանը: Երբեմն մենք հապաղում ենք, երբեմն՝ զլանում, երբեմն չենք կամենում այդ փոփոխությունն արձանագրել: Հետեւաբար՝ Սրբերը մեզ հիշեցնում են, որ ինչպես իրենք դեպի վեր նայեցին եւ Աստծուն տեսան, Աստծով զմայլվեցին, սեփական անձը մոռացան եւ, իրենց անձի մեջ, Աստված փառաբանեցին, այնպես էլ մենք նմանվենք իրենց: Նմանվենք եւ հետեւենք իրենց ճանապարհին:

Ահավասիկ այսօր, իբրեւ օրինակ Սրբերի բազմաբույլ համաստեղության մեջ, ունենք Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետին՝ անբիծ ճգնավորին, անարատ հոգեւորականին, եւ անբասիր քաջ հովվին, ով աղոթեց ու աղոթք ստացավ: Նա առ այսօր աղոթում ու բարեխոսում է Քրիստոսի Եկեղեցվո համար, ոչ միայն իրեն ծնող, սնող Ասորի, այլեւ իրեն հոգեհարազատ Հայ Եկեղեցվո համար, Քրիստոսի հին եւ նոր Եկեղեցիների համար:

Ուստի, մեր աչքերը հառած Սուրբ Հակոբի նմանողությանը, պետք է առաջ ընթանանք, ապրենք մեր կյանքը, որպեսզի, իր անձի նման, մեր անձի մեջ էլ երբեմն առկայծի Աստծո ներկայությունը:

Ուրեմն՝ թող Հակոբ Մծբնեցի Հայրապետի հիշատակը միշտ վառ մնա մեր սրտերում, նաեւ լուսե Հայրապետի բարեխոսությունը լինի բոլորիս՝ մեր Եկեղեցվո, հավատացյալների, հայրենիքի հետ: Եվ Նոյան տապանի մասունքը, որ իջեցրեց Արարատից, իբրեւ Աստծո ներկայության առհավատչյա, լինի մեր Եկեղեցվո եւ ժողովրդի համար զորության ու ներշնչանքի աղբյուր. այժմ եւ հավիտյանս.ամեն»:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցու խորանին էր դրվել Սրբի տապանաքարից մի բեկոր, որը Մծբնա քաղաքից բերել եւ եկեղեցուն ի պահ է տվել թեմակալ Առաջնորդը:

Ի լրումն օրվա խորհրդի՝ ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Հավարտ սրբազան արարողակարգի մշակույթի բաժնի սրահում ելույթ ունեցան Սուրբ Հակոբի մշակույթի բաժնի երգի, պարի ասմունքի խմբակների սաները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները