Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵՑ ՏԻՐԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ

եկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: Հայոց Եկեղեցու հիմնադիր Առաքյալների տոնը մեծ շուքով նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Դեռեւս 2015 թվականին տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր: Շնորհառատ օրվա կապակցությամբ՝ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քհն. Կարապետյանը:

Ս. Պատարագին ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան տարբեր թեմերից ժամանած հոգեւոր սպասավորներ եւ ուխտավորներ:

Սրբազան արարողության ընթացքում, հայրապետական հանդիսավոր թափորով, Հին Վեհարանից Մայր Տաճար բերվեց հրաշագործ Ս. Գեղարդը, որպեսզի, համայն հայության հոգեւոր կենտրոնում ուխտավորաբար մեկտեղված, հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռնվի երկրպագել, հպվել եւ համբուրել Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը` Ս. Գեղարդը:

Սրբազան արարողության ընթացքում տոնի կարեւորությանն անդրադարձավ պատարագիչ Տեր Հայրը` իր քարոզում ի մասնավորի ընդգծելով. «Սիրելի հավատացյալներ, այսօր մեր Եկեղեցու համար մեծագույն տոն է: Չեմ վարանի ասել, որ մեր Եկեղեցու համար այսօր ծնունդ է եւ հարություն է: Այս երկու տոները Քրիստոնեական Եկեղեցու համար մեծագույնն են, հիմքերն են քրիստոնեական հավատքի: Մեր Եկեղեցու համար էլ մեր Առաքյալների տոնը հիմքն է մեր հավատքի, հոգեւոր կյանքի, քրիստոնեական ընթացքի եւ հավիտենական կյանքի»:

Ասողիկ քահանան նաեւ խոսեց Ս. Գեղարդի հրաշագործ զորության մասին` ներկայացնելով պատմության ընթացքում Ս. Գեղարդի հետ կապված զանազան հրաշքներ, որոնք կատարվել են ինչպես հայոց աշխարհում, այնպես եւ հարեւան Վրաստանում:

Վերջում, սուրբ եւ նվիրական օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանության, պաշտոնեության եւ հավատացելոց անունից, Տեր Հայրը շնորհավորեց շնորհազարդ Ամենայն Հայոց Հայրապետին իբրեւ Առաքելահիմն Ս. Աթոռի գահակալի` մաղթելով, որ Աստված զորացնի նրան իր առաքելական կոչման մեջ: Ասողիկ քահանա նաեւ շնորհավորեց սրբազան եպիսկոպոսներին եւ քահանայից հոգեւոր դասին` իբրեւ ժիր մատռվակներ ժողովրդին Աստվածային օրհնությունը բաշխելու ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի: Խոսքն ուղղելով ներկա ուխտավորներին` պատարագիչն ասաց. «Նաեւ ձեզ եմ շնորհավորում, սիրելի՛ հավատացյալներ, որ դուք, Քրիստոսի տասներկու առաքյալների անձնդիր քարոզչությամբ եւ առաքելությամբ, հոգեպես ծնվեցիք ու դարձաք Աստծո զավակներ եւ վայելում եք Աստծո օրհնությունն արդեն բազում դարեր»:

Սուրբ Պատարագի արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին` իր պատգամն ու բարեմաղթանքները փոխանցելով բարեպաշտ ժողովրդին։

Ս. Գեղարդը Մայր Տաճարում մնաց մինչեւ Երեկոյան ժամերգության ավարտը` աստվածային օրհնություն բաշխելով, այս առիթով Մայր Աթոռ այցելած, հազարավոր հայ եւ օտարազգի հավատացյալների:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները