Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

«ՇՆՈՐՀԵԱ ԵՒ ԱՅԺՄ ՀԱՒԱՏԱՑԵԼՈՑՍ Ի ՔԵԶ ԵՒ
ԿԱՏԱՐԵԱ Ի ԲԱՐԻ ԶԽՆԴՐՈՒԱԾՍ ՄԵՐ…»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԿԱՐՄՐԱՎԱՆՈՒՄ

եկտեմբերի 24-ին մարդաշատ էր Աշոցք համայնքի Կարմրավան գյուղի հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը, ուր, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգին մասնակցում էին Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը եւ Արարատ սրկ. Սարգսյանը:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Կարմրավանը (նախկինում՝ Ղզլքիլիսա, Կզլքիլիսա) գտնվում է Աշոցքից 4 կմ հարավ-արեւելք, իսկ Գյումրիից 30 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, կանաչապատ սարալանջի գոգավորության վրա: Այն, իր հովասուն կլիմայով, սառնորակ աղբյուրներով, ալպյան փարթամ բուսականությամբ հարուստ, գեղատեսիլ մի վայր է: 1800-ականներին եղել է Հովունի գյուղի ամառանոցը (յայլա):

Կարմրավանն ունի 300 տարվա պատմություն, որի վկայությունն են, հնագիտական պեղումների ժամանակ գտնված, կավե ամանները, զենքերը եւ այլ իրեր, ինչպես նաեւ մարդկային ոսկորներ: 1700-ականներին այստեղ ապրել են լեզգիներ, սակայն համաճարակից հետո գյուղն ամայացել է: Ըստ տեղաբնակների պատմածի՝ 1820 թվականին ցարական բանակի զինվոր Առաքել Սիմոնյանը նամակ է ուղարկում Նիկոլայ ցարին՝ գյուղը վերաբնակեցնելու խնդրանքով: Թույլատվություն ստանալով՝ հիմնում են Ղզլքիլիսան: 1933 թվականին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ, այն վերանվանվել է Կարմրավան: 1988 թվականի ահեղ երկրաշարժից գյուղն ավերվել է: Կարմրավանը վերակառուցել են Ուկրաինայի Լվով քաղաքից եկած շինարարները: Այժմ գյուղն ունի 57 ծուխ՝ 257 բնակչով:

ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ ԵԿԵՂԵՑԻՆ

19-րդ դարի Կարմիր վանք աղոթատունը կառուցվել է սրբատաշ կարմրագույն տուֆաքարով, ինչի համար էլ գյուղը կոչվել է Կարմրավան: Եկեղեցին ունեցել է զանգակատուն: Աստվածմերժության տարիներին այն քանդել են տեղաբնակները, իսկ քարերն օգտագործել իրենց բնակարանները կառուցելու համար:

1988-ին աղոթատունն ամբողջությամբ խոնարհվել է: Այսօր մնացել են միայն հիմնապատերը եւ խորանի հատվածը: Եկեղեցու շուրջբոլորը հին գերեզմանատունն է, որի տապանաքարերը կարմրագույն են եւ կիսով չափ թաղված հողի մեջ: Խոնարհված եկեղեցու հարավային կողմում՝ թեք սարալանջին, նոր գերեզմանատունն է, ուր կատարվում են թաղումներ:

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Օրը ցուրտ էր ու թխպոտ… Կարմրավանի հանրակրթական դպրոցի բակում Միքայել Սրբազանին, ավանդական աղ ու հացով, դիմավորեցին Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, դպրոցի տնօրեն Լուսինե Ավետիսյանը, Կարմրավանի վարչական ղեկավար Ալինա Կարապետյանը, ուսուցչական կազմը, աշակերտներ եւ բարեպաշտ կարմրավանցիներ:

Բարեողջույնի խոսքերից հետո թեմակալ Առաջնորդը դպրոց մուտք գործեց «Հրաշափառ»-ով եւ առաջնորդվեց հանդիսությունների սրահ, ուր եւ մատուցվեց եպիսկոպոսական Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի` «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրը, «Փրկիր նրանց, ում մահվան են տանում, եւ ոչինչ մի խնայիր՝ մահապարտներին փրկագնելու համար» բնաբանով, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց` առանձնակի անդրադառնալով մարդ-Աստված հարաբերությանը:

Իր խոսքում պատարագիչ Սրբազանն ի մասնավորի ասաց. «…Երբ մարդ ծնվում է, մեծանում ծնողների դաստիարակությամբ եւ հասկանում, որ Աստված ունի, նաեւ հասկանում է, որ ունի Աստծո հետ հարաբերվելու հնարավորություն եւս, ինչը կենդանիները չունեն, քանի որ հոգեւոր էակ չեն: Ուրեմն՝ եթե մարդն է միայն հոգեւոր էակը, ապա այդ միակ հոգեւոր էակը կարող է հաղորդակցվել հոգեւոր էակի՝ Աստծո հետ: Անհրաժեշտ է, որ մենք այս իրողությունը հասկանանք…

Բոլորս ուզում ենք Աստծուն տեսնել, բայց մեր սրտերը մաքրել ամենքս չենք ուզում… Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ մատնացույց անենք Տիրոջ փրկագործության ճանապարհը: Անտեսելով սառնամանիք, ցուրտ, եկանք՝ ձեզ փոխանցելու Աստծո սերը… Տիրոջ հետ ապրելը շատ նորանոր ուղիներ է բացում մեր առջեւ, որոնք օգնում են մեզ մերժել չարը եւ միայն բարություն սովորել:

Թող Աստված օրհնի ձեզ: Բայց եթե դուք պատրաստ չլինեք օրհնություն ստանալ, օրհնությունը կգա, կողքից կանցնի: Ուստի թող Աստված ձեզ ցույց տա դեպ Իրեն գնալու ճանապարհը, հոգու մասին մտածելու, դեպի հավիտենական կյանք, հավիտենական փրկություն գնալու ուղին. ամեն»:

Հավելումն օրվա խորհրդի ՝ բարեպաշտ կարմրավանցիները հաղորդվեցին մեր Տիրոջ Սուրբ Մարմնին ու կենարար Արյանը:

Վերջում Կարմրավան գյուղի վարչական ղեկավարի կողմից տրվեց փոքրիկ հյուրասիրություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները