ԱՐՅԱՆ
ԿԱՆՉՈՎ
ոցիալ-կրթական
կենտրոնի համագործակցությունը «Դեպի Հայք» հիմնադրամի հետ արդեն
երեք տարվա պատմություն ունի: 2014 թվականից սփյուռքից ժամանած մեր
երիտասարդ հայրենակիցներն իրենց կամավորական գործունեությունն սկսեցին
ծավալել նաեւ կենտրոնում:
Ներկայում
ՍԿԿ-ում կամավորական աշխատանք է իրականացնում քսանմեկամյա Կարեն
Իսախանյանը, ով Դերբենդ քաղաքից է, մասնագիտությամբ` երաժիշտ: Հայրը
ծնվել է Դերբենդում, մայրն Արցախից է: Կարենն ավարտել է Դերբենդի
երաժշտական ուսումնարանը, աշխատում է իր մասնագիտությամբ, նաեւ երաժշտության
մասնավոր դասեր է տալիս: Նվագում է դաշնամուր, կիթառ եւ հարվածային
գործիքներ: Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են նաեւ Կովկասի
ժողովուրդների ազգային պարերը: Ծնողները տանը հայերեն են խոսում,
սակայն ինքն այդքան էլ լավ չի տիրապետում մայրենի լեզվին: Այնուամենայնիվ,
լավ հասկանում է, եւ իր մանկական հիշողություններից մինչեւ այսօր
էլ ականջում հնչում են հոր խոսքերը հայրենիքի մասին:
«Հայրս ինձ հաճախ է նկարագրել, թե ինչքան հիասքանչ երկիր է Հայաստանը,
սակայն ես, մինչ այս ծրագիրը, հնարավորություն չեմ ունեցել այցելել
հայրենիք»,- պատմում է Կարենը: Նրան Հայաստան գալու այս ծրագրի մասին
Ֆրանսիայում բնակվող քույրն է տեղեկացրել եւ խորհուրդ տվել` անպայման
դիմել: Երիտասարդ երաժշտի համար խիստ կարեւոր է կատարելագործել մայրենի
լեզվի իմացությունը, շփվել հայրենակիցների հետ, ինչպես նաեւ հմտանալ
աշխատանքում:
Սոցիալ-կրթական կենտրոնում Կարեն Իսախանյանն իր աշխատանքն իրականացնում
է, այստեղ գործող, նախակրթարանների եւ ցերեկային կենտրոնի սաների
հետ` նրանց դասավանդելով երաժշտություն, ուսուցանելով երգեր եւ պատրաստելով
գեղեցիկ ու ներկայանալի երաժշտական համարներ:
Կենտրոն ոտք դնելը Կարենին ամեն անգամ մեծ բավականություն է պատճառում,
քանի որ, տեսնելով սիրելի ուսուցչին, նախակրթարանի սաներն անմիջապես
շրջապատում են նրան, գրկախառնվում, հետո միայն սկսում պարապմունքները:
Երիտասարդ կամավորն էլ իր պատրաստակամությամբ եւ նվիրված աշխատանքով
է ապացուցում, որ մանկավարժությունը, աշխատանք լինելուց առաջ, սեր
է սեփական գործի եւ երեխաների հանդեպ:
Հուսանք` այս փոխադարձ ջերմությունը մեր հայրենակցին ամուր կկապի
մայրենի հողին եւ, ծրագրի ավարտից հետո էլ, «տուն» կկանչի:
ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
>>>
|
|