Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ՀՅԴ-Ի ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ
ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒՆԵՑԱՎ

յումրին առանց տնակների» հիմնադրամի հերթական ձեռնարկներից մեկը եւս հաջողությամբ պսակվեց: «Մեկ կուսակցություն, մեկ բնակարան» ծրագրի շրջանակներում, ՀՅԴ կուսակցության նվիրատվությամբ, նոյեմբերի 2-ին բնակարանամուտ տոնեց Երանոսյանների յոթն անձից բաղկացած ընտանիքը:

Վեց միլիոն արժողությամբ երեք սենյականոց բնակարանը գյումրեցի անօթեւան ընտանիքի համար գնվել էր նորակառույց «Մուշ-2» թաղամասում:

Երանոսյանների հետ ուրախությունը կիսելու էին եկել Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Ռոմիկ Մանուկյանը, այլ հյուրեր:

Բնակարանի ժապավենը կտրելու պատիվը տրվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Սրբազանին եւ Երանոսյանների ընտանիքի փոքրիկնրից մեկին:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհավորեց նորամուտ տոնող ընտանիքին՝ նշելով. «Ես ողջունում եմ այսօրինակ քայլերը: Երկրաշարժից հետո պետական բնակարանաշինական բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բայց պետության միջոցները, ցավոք, բավարար չեն, որ բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը կարգավորվի: Դրա համար քաղաքական կուսակցությունների, անհատների, գործարարների, հասարակական կազմակերպությունների կողմից այսպիսի ներդրումները միայն ողջունելի ու գնահատելի են: Անկեղծ ասած ես ամենից շատ ուրախացա Երանոսյանների ընտանիքի երեխաների համար, քանի որ նրանք իրենց գլխին ծածկ ունեն արդեն եւ մի փոքր ավելի անհոգ մանկություն կունենան»:

Ինչպես տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը, սա հիմնադրամի կողմից հատկացվող քսանչորսերորդ բնակարանն է:

Հիմնադրամի ներկայացուցիչները, դեռ ԱԺ ընտրություններից առաջ, թակել էին ընտրություններին մասնակցող կուսակցությունների դռները՝ առաջարկելով համագործակցել, միանալ անօթեւանության դեմ պայքարին: Հիմնադրամի նախաձեռնությանն արձագանքել էին ընդամենը երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: ՀՀԿ-ն դեռեւս հուլիս ամսին էր կատարել խոստումը:

Սամվել Նիկոյանը պարզաբանեց, որ բնակարանները ձեռք են բերվել, նախընտրական քարոզարշավի ժամանակ արված, խնայողությունների հաշվին:

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ գումարը հավաքվել է հանգանակություններով, քանի որ իրենք առանձին ֆոնդեր չունեն: Մարդիկ, հավատալով ՀՅԴ-ին, վերջինիս ծրագրերին, վստահ լինելով, որ իրենց լուման տեղ կհասնի, գումար են ներդրել: Պատգամավորը նաեւ նշեց, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին աջակցությունն է լինելու:

«Կարծում եմ, որ, յուրաքանչյուր անհատի հնարավորություններն օգտագործելով, կկարողանանք այս խնդիրը լուծել, որովհետեւ արդեն մոտենում ենք ահավոր երկրաշարժի երեսուն ամյակին: Սա մեր պատվի հարցն է. այլեւս տնակներում չպետք է ունենանք ոչ մի ընտանիք»,-ասաց նա:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Ռոմիկ Մանուկյանը խոստացան շարունակել մասնակցությունն այդ նվիրական գործին: Նրանք ակնարկեցին, որ ՀՅԴ-ի դերակատարությունը մեծ է սոցիալական բնակարանների ձեռք բերման գործում: Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների զգալի մասը հենց նրանց կուսակից ընկերոջ նվիրատվությունն է:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ լսելով, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է, միանգամից վստահել են եւ համոզմունք հայտնել, որ ճիշտ գործ է արվում:

Բնակարան ստացած Երանոսյաններն անակնկալի էին եկել: Նրանք մի ամբողջ կյանք բնակվել էին տնակում՝ չհավատալով իրական հրաշքի գոյությանը: Տանտիրուհին՝ տիկին Սուսաննան, թաքցնելով հուզմունքը, նախ իր շնորհակալությունը հայտնեց բոլորին, ապա ավելացրեց. «Չենք պատկերացնում, որ նման բնակարանում պիտի ապրենք, մենք մեծացանք տնակում»:

Հուսանք, որ հերթական բնակարանի ձեռքբերումը շատ չի ուշանա, եւ Գյումրիում եւս մեկ ընտանիք բնակարանամուտ կտոնի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները