Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

«ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԽՈՐԱՆ ԼՈՒՍՈՅ ԱՆՎԱՅՐԱՓԱԿ
ԱՐՓՈՅՆ ԿԵՆԱՑ…»

«Մայր սուրբ սքանչելի լուսոյն, որ զԱստուածն ամենայն յաւիտեանց յորովայնի քում կրեցեր, եւ ցնծութիւն աշխարհի ծնար զբանն Աստուած, աղաչեմք»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այ Առաքելական Եկեղեցին Աստվածածնին նվիրված յոթը տոն ունի, այդ թվում նաեւ Ս. Կույսի տաճարընծայումը: Այն հաստատվել է Զ դարում եւ տոնացույց մտել ԺԸ դարում: Բոլոր եկեղեցիները տոնում են նոյեմբերի 21-ին: Եթե Ս. Կույսի հղացումն անթառամ ծաղիկ էր՝ գեղեցիկ եւ անարատ, իսկ ծնունդը, որպես սքանչելի պտուղ, արժանի Տիրոջ սեղանին հասնելու, ապա ընծայումն էլ ծնողների ձեռքով այն քաղելն ու ընծայելն էր Տնկողին:

Մարիամի ծնողներն ուխտել էին իրենց զավակին նվիրել Տիրոջը: Երբ լրացավ փոքրիկի մեկ տարին, ծնողները նրան, նվերներով հանդերձ, տարան տաճար՝ Աստծուն ընծայելու: Երկրորդ տարին լրանալիս եւս ծնողները, վերցնելով նվերներ, Մարիամին Երուսաղեմի տաճար տարան եւ հանձնեցին Զաքարիա քահանայապետին: Երրորդ տարին երբ երեքամյա մանուկը մտավ տաճար, առանց օգնության բարձրացավ տասնհինգ աստիճաններով, որոնք տանում էին դեպի Մեծ Սեղան եւ բոլորին զարմացրեց իր արարքով: Նրա մասին Սողոմոնը գրում է. «Արքան ինձ Իր սենյակը տարավ» (Երգ Ա. 3):

Իբրեւ անբիծ աղավնի՝ ամենագով մանուկը բնակվեց տաճարում, աճեց հասակով եւ զարգացավ իմաստությամբ: Հրեշտակներն աղավնակերպ իջնում էին Տաճարի մեջ եւ կերակրում Մարիամին: Առաքինի Ս. Կույսը տաճարում մնաց յոթը տարի: Այս ընծայմամբ նա հասավ մտքի ու խորհուրդների գերագույն աստիճանին, որովհետեւ իր անձն Աստծուն ոչ թե փոխ տվեց, այլ տվեց որպես անդարձ ընծա եւ լիովին ընդունեց Աստծուն:

Իզուր չէ, որ Շարակնոցում այսպես է գովերգվում Տիրամայրը. «Անթառամ ծաղիկ անդատապարտ շառաւիղ, վերաբուսեալ յարմատոյն Յեսսեայ զքեզ Յեսայիաս կանխավ վերագոչեաց եօթնարփեան շնորհաց Հոգւոյն ընդունարան գոլ, Աստուածածին եւ կոյս…»:

Արդ՝ մեր Սուրբ Հայրերի օրինակով եւ հետեւողությամբ, խնդրենք այնքան սիրելի Աստվածամոր բարեխոսությունը. «Մայր Աստուծո զծնեալն ի քէն վասն մեր, զի ընդ նմին պահելով սուրբ յարութեամբ Նորա նորոգեսցուք, առ Նա միշտ բարեխօսեա կեցուցանել զմեզ», որպեսզի կարողանանք որդիաբար եւ խոնարհությամբ ծառայել Նրան՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության:

Նոյեմբերի 21-ին՝ «Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի տաճարն» տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները