Աղօթքն առանձնութիւն մըն է մարդերէն, ըլլալու համար սակայն
միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

«ՆԱՅԵԱ ՅԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ ՄԵՐ ԵՒ ՈՒՍՈ ՄԵԶ ԱՌՆԵԼ
ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՁՈՐԱՇԵՆՈՒՄ

ոկտեմբերի 15-ին մարդաշատ էր Աշոցք համայնքի Ձորաշեն գյուղի հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը, ուր, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, որին մասնակցում էր Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ձորաշենը (նախկինում՝ Ձորի Ղարաքիլիսա) Շիրակի տարածաշրջանի ամենահեռավոր գյուղերից է եւ գտնվում է Աշոցքից 29 կմ հարավ-արեւելք, իսկ Գյումրիից՝ 45 կմ հյուսիս-արեւելք, կանաչապատ սարալանջի գոգավորության վրա: Այն հովասուն կլիմայով, սառնորակ աղբյուրներով, ալպյան փարթամ բուսականությամբ եւ երփներանգ ծաղիկներով հարուստ գեղատեսիլ վայր է, ցուրտ, ձնառատ կլիմայով, ինչի պատճառով փակվում են գյուղ տանող ճանապարհները:

1808 թվականին Ձորաշենում բնակություն են հաստատել Մուշից գաղթած հայերը: Գյուղի շրջակայքում պահպանվում են 12-13-րդ դարերի հին բերդի ավերակները: Հավելենք նաեւ, որ 1988-ի ահեղ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է այստեղ: Բնակավայրի վերականգման աշխատանքներին մասնակցել են Ուկրաինայի շինարարները: Այստեղ այժմ ապրում է 23 ծուխ՝ 170 բնակչով:

Գյուղի արեւմտյան կողմում գտնվում է Սուրբ Ստեփանոս խոնարհված եկեղեցին, որը 1863 թվականի կառույց է: Աղոթատնից ցայսօր պահպանվել են միայն ստորին շարքի սրբատաշ քարերը: Թեեւ խոնարհված, սակայն ձորաշենցիների համար սրբատեղի է, ուր վառվում են հավատքի մոմեր եւ կատարվում մատաղօրհնություններ: Հուսանք, որ մի օր այստեղ կլսվեն մեր քաղցրահունչ հոգեւոր մեղեդիները, կմատուցվի Սուրբ Պատարագ:

Գյուղի հարավային կողմում հին գերեզմանատունն է՝ քարարկղյա դամբարանների տեսքով, ուր այսօր էլ կատարվում են հուղարկավորություններ:

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Դպրոցի բակում Սրբազան Հորն ավանդական աղ ու հացով դիմավորեցին Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, Սարապատ համայնքի Ձորաշեն գուղի ղեկավար ներկայացուցիչ Գառնիկ Սահակյանը, դպրոցի տնօրեն Գարեգին Շաբոյանը, ուսուցչական կազմը, աշակերտներ եւ մեծաթիվ ձորաշենցիներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը դպրոցի հանդիսությունների սրահ մուտք գործեց «Հրաշափառ»-ի երգեցողությամբ, ուր եւ մատուցվեց Սուրբ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զորաւվոր եք» բնաբանով, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազանը՝ ի մասնավորի շեշտելով, որ հայը պետք է անպայման քրիստոնյա լինի իր կենցաղով, նաեւ վարք ու բարքով: Մանրամասնելով ասվածի իմաստը՝ Միքայել Սրբազանը նշեց, որ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի պարտքն է խաչակնքվել, աղոթք ասել, անցած օրվա հաջողությունների համար Աստծուն գոհություն հայտնել: «Քրիստոնյա հայն իր զավակներին քրիստոնեական դաստիարակությամբ պետք է մեծացնի, ժամանակին նրանց կնքել պիտի իմանա…»,- ասաց թեմակալ Առաջնորդն իր քարոզում:

Շարունակելով խոսքը՝ Սրբազան Հայրը մեկ անգամ եւս շեշտեց, որ «գյուղը պետք է ունենա շեն եկեղեցի, եւ յուրաքանչյուր ձորաշենցի պարտավոր է մտածել ու գործել, որպեսզի առատանա հավատքը, սերը, հույսը, եւ գյուղը շենանա…»: Վերջում պատարագիչ Սրբազանը ձորաշենցիների համար հայցեց Աստծո օրհնությունը, որպեսզի Ամենակարողը զորավիգ ու օգնական լինի ամենքին:

Հավարտ սրբազան արարողակարգի, հենց մարզադահլիճում, գեղարվեստական գողտրիկ հայտագրով հանդես եկավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան):

Վերջում տրվեց հյուրասիրություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները