Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ

մեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին մեծ շուքով տոնախմբում է Սուրբ Թարգմանիչների հիշատակը: Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչեւ 5-րդ դար Հայ Եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետեւ չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:

Սուրբ Մեսրոպ վարդապետը, Սահակ Պարթեւ կաթողիկոսի օրհնությամբ, ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը: 1600 տարի է անցել այդ օրվանից, բայց հայ գրերը չեն փոփոխվել ու պահպանել են իրենց նախնական տեսքը:

Ապա սկսվեց Աստվածաշունչ Մատյանի ամբողջական թարգմանությունը, որ տեւեց շուրջ 30 տարի: Աստվածաշունչն այլեւս հայերեն էր, Աստված խոսում էր հայերեն: Ս. Սահակ Պարթեւն ու Ս. Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին ու Հովսեփ Պաղունացին, Կորյունը, Ղեւոնդ Վանանդեցին եւ մյուսներն իրենց հոգու ամբողջ ջերմությունը ներդրեցին, իրենց հոգին նվիրեցին Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործին: Նրանց անկրկնելի թարգմանության շնորհիվ Աստվածաշնչի հայերեն օրինակը բոլոր ազգերի կողմից անվանվեց թարգմանությունների թագուհի: Եվ լուսավորվեց ողջ հայոց աշխարհը: Հայ գրերի գյուտով եւ Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հայ հոգեւոր-մշակութային նոր շարժմանը, որ մեր ազգի ոսկեդարը դարձավ:

Թարգմանիչ բառը, ներկայիս առօրյա խոսակցական իմաստով, նշանակում է լոկ մի լեզվից մի այլ լեզվի թարգմանող անձ: Սակայն մեր հայրերը ոչ միայն թարգմանեցին Աստվածաշունչը, այլ ապրեցին ու այն հայացրին: Նրանք Աստծուն իջեցրին հայ մարդու հոգու մեջ: Սուրբ թարգմանիչներն իրենց կյանքով դարձան հայ ժողովրդի թարգմանն Աստծու մոտ: Այսօր էլ նրանք շարունակում են, իբրեւ փարոս, լուսավորել հայոց ապագան: Թարգմանչաց տոնը հայ հոգու պանծացման տոնն է: Մեր Եկեղեցու հայրերն այսօր էլ կարծես խոսում են մեզ հետ:

Հազար ու մի փոթորիկներ անցան, բայց ոչ մի արհավիրք չկարողացավ հայ ժողովրդի հոգուց խլել իր սեփական մայրենի լեզուն եւ, իր արյունով գնված, քրիստոնեական հավատքը, որ մեր պապերը կտակեցին մեզ: Մնում է աղոթել Աստծուն եւ մաղթել, որ Թարգմանչաց ոգին եւ նրանց շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ:

Սուրբ Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի հարգանքի տուրքն է հայ գրին, դպրությանն ու մշակույթին եւ դրանց երախտավորներին։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները