Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ Է, ԶՈՐ ԱՐԱՐ ՏԷՐ, ԵԿԱՅՔ ՑՆԾԱՍՑՈՒՔ
ԵՒ ՈՒՐԱԽ ԵՂԻՑՈՒՔ Ի ՍՄԱ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ

«Որ եկն ի լուսաւորել զընտրեալ սուրբ զեկեղեցի, եւ պսակեաց սուրբ Խաչիւն, նմա զփառս երգեսցուք»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այսատանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տարվա ընթացքում Խաչին նվիրված չորս տոն է նշում, որոնցից վերջինը՝ Խաչվերացը, հինգ տաղավար տոներից մեկն է եւ նշվում է սեպտեմբերի 11-17-ի միջեւ ընկած կիրակի օրը: Այս տարի այն տոնախմբվեց սեպտեմբերի 17-ին:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, անարգության եւ չարչարանքի նշան հանդիսացող, խաչը դարձավ փրկության, նոր կյանքի, հավերժության եւ աստվածային ամենաբաշխ Լույսի խորհրդանիշ: Այն սրբացավ Քրիստոսի տառապանքով ու ինքնազոհաբերմամբ՝ մեզ համար դառնալով փրկության ուղենիշ: Խաչը համայն քրիստոնեության խորհրդանիշն է: Ըստ Դավիթ մարգարեի՝ «չարիքը չի հանի քեզ եւ տանջանքները չեն մոտենա քո տան հարկին» (Սաղմ. Ղ 10), եթե ապավինես Տիրոջ Կենարար Խաչին:

Սբ. Խաչին նվիրված տոները ոչ միայն հիշատակություններ են պատմական դեպքերի, այլ նաեւ քրիստոնեական կյանքի բարոյական թելադրանքներ են: Քրիստոնյայի համար Խաչը, ցողված Քրիստոսի անարատ արյունով, նույնացել է Տիրոջ հետ եւ դարձել փրկության ճանապարհ: Որպես հակակշիռ Իրեն չընդունողների՝ «Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին, եւ Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին» (Ա Կորնթ. Ա 27-28):

Անշուշտ, հոգեւոր իրողությունները, որ վեր ու դուրս են մարդկային սպասումներից ու ակնկալիքներից, Աստված հասանելի է դարձնում միմիայն հավատով լուսավորված մտքին: Հավատն է դառնում այն զենքը, այն ուժը, որ հաղթում է աշխարհին: Քրիստոս՝ երկրորդ Ադամը, երկնքից իջավ երկիր, որպեսզի Իր Խաչով մեր անկյալ բնությունը բարձրացնի դեպ երկինք: Քրիստոս՝ «կատարումն օրինաց եւ մարգարեից», եղավ Աստծու եւ մարդու միջեւ հաշտության միջնորդ, հավիտենական քահանայապետ եւ ճշմարիտ զոհ Խաչի վրա: Այդ զոհաբերությամբ էր, որ Նա մեզ ազատեց դժողքից, փրկեց մահվանից ու առանորդեց դեպի երկնքի արքայություն:

ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 17-ի կիրակի օրը՝ Խաչվերացի տոնին, մարդաշատ էր Սբ. Նշան եկեղեցին: Արդեն տասնյոթ տարի է, ինչ, Առաջնորդ Սրբազանի բարձր կարգադրությամբ, Խաչվերացի տոնը հայտարարված է Սբ. Նշան եկեղեցու ուխտի օր:

Այստեղ, տոնի ուրախ առիթով եւ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկաներին՝ օրվա խորհուրդը հանգամանալից մեկնեց եւ հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը՝ ներկաներին նախ բացատրելով տոնի առանձնահատկությունը, այնուհետեւ անդրադառնալով նաեւ Սբ. Խաչի զորությանն ու անհրաժեշտությանը հայ հավատավորի կյանքում:

Շարունակելով ասելիքը, Առաջնորդ Սրբազանն ի մասնավորի նշեց. «Ուրիշ առիթներով էլ ասել ենք, որ Տերը կարող էր այլ ճանապարհով եւս մարդկությանը փրկել, բայց Նա ընտրեց Խաչի ճանապարհը: Ուրեմն՝ Խաչին հատուկ խորհուրդ տվեց, որովհետեւ Խաչը, որ խորհրդանիշ է երկնքի ու երկրի կապի, Քրիստոսի թափած արյամբ, միավորեց ողջ մարդկությանը: Ուրիշ ճանապարհ չընտրվեց…: Ուստի հաղթության այս նշանը պետք է շարունակի մեզ համար մնալ որպես այդպիսին, եւ որեւէ մեկն իրավունք չունի այն այլ նշանի վերածել…:

Քրիստոնյան ննջեցյալներին չի հիշում սգալու համար, որովհետեւ նրանք գնացին միանալու Աստծուն: Խաչի հաղթության նշանին հավատալով՝ իջան գերեզման, որպեսզի Խաչի այդ նշանով հարություն առնեն: Ննջեցելոց հիշատակը սուգ չէ քրիստոնյայի համար, այլ Սուրբ Խաչով միանալու, հաղթության նշանի տակ հավաքվելու ուրախություն: Այլապես անիմաստ է մեր շիրիմների վրա խաչի նշան դնելը, եթե այն դնում ենք զուտ իբրեւ տրտմության ու մահվան նշան…:

Ուրեմն՝ այսօր եկեք խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ Խաչի այս նշանն է մարդկության միակ փրկությունը»:

Սուրբ Պատարագի ընթացքում, ուխտավորաբար Սբ. Նշան եկեղեցում գտնվող, հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն: Վերջում եկեղեցու բակում, Խաչվերացի տոնի ուրախ առիթով, գեղարվեստական գողտրիկ հայտագրով հանդես եկան «Հայ քրիստոնյա ընտանիք» ԵԵՄ անդամները:

ԹԱՓՈՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ

Համաձայն Հայ Եկեղեցու տոնացույցի՝ Խաչվերացի երեկոյան կատարվում է Խաչի թափոր ու անդասատան: Այս հանդիսակարգը հաստատել է Սահակ Ձորափորցի (677-703) կաթողիկոսը:

Առաջնորդանիստ Սբ. Աստվածածին մայր եկեղեցուց հոգեւորականաց թափորը, շարականների երգեցողությամբ, դուրս բերեց հաղթական Սուրբ Նշանը՝ զարդարված ռեհանի թփերով ու ծաղիկներով եւ, հանդիսապետ Միքայել Սրբազանի առաջնորդությամբ, ուղեւորվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր եւ կատարվեց անդաստան: Թափորապետ Սրբազանը բարձրացնելով Խաչը՝ օրհնեց աշխարհի «արեւելյան կողմն ու հայոց հայրապետությունը», «արեւմտյան կողմն ու քրիստոնյաների թագավորությունը», «հարավային կողմն ու հողը, դաշտերը (անդաստանները) եւ տարվա պտղաբերությունը», «հյուսիսային կոմն ու վանքերը, քաղաքները, գյուղերը եւ այդտեղ բնակվող ժողովուրդներին»:

Յուրաքանչյուր կողմում կանգ առնելով՝ օրհնված վարդաջուր ցողեց թափորական ժողովրդի վրա: Անդաստանից հետո, դարձյալ թափորով, մտնելով եկեղեցի, երգեցին «Խաչ Քո Քրիստոս երկիրպագանեմք» շարականը: Հավարտ երեկոյան ժամերգության վարդաջրով ցողված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին ներկա հավատացյալներին, որպեսզի դրանց հետ մարդիկ, իբրեւ Տերունական սրբարար եւ փրկագործ մասունք, իրենց օջախները տանեն Սուրբ Խաչի օրհնաբեր զորությունն ու պահապան ամրությունը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սեպտեմբերի 18-ին, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:


ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները