Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ՝ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում:

ինչդեռ քրիստոնեությամբ հայրենասիրական զգացումը չի թուլանում, ինչպես կցանկանային տեսնել ոմանք, այլ ավելի ամրանում եւ զորանում է` ճշմարիտ աստվածճանաչության միջոցով, աստվածասիրությամբ ձեռք բերված հայրենիքի իսկական արժեքի գիտակցության ամրապնդումով: Զարմանալ միայն կարելի է Ե դարի մեր հեղինակների քրիստոնեական զգացումի ուժականությամբ (կարծես հազարամյա քրիստոնեության ժառանգորդները լինեն), միեւնույն ժամանակ հիանալ` նրանց հայրենասիրության խորությամբ:

Որքան էլ չկամենան քրիստոնյա աստվածասիրության ու հայրենասիրության բացահայտ եւ թաքուն հակառակորդները, քրիստոնեության ընդունումն ինքնին հայրենասիրության դրսեւորում էր: Մեկ Աստծո` Հայկի Աստծո, հովանու տակ ժողովել ազգն ու հայրենիքը` այս պետք է եղած լինի Տրդատ արքայի մտածումն ու նպատակը. այլապես անիմաստ կլիներ նրան «Մեծ» պատվանունով զարդարելը: Զանազան ու զարմանազան հունական եւ պարսկական չաստվածների միջեւ տարուբերվող ժողովրդին միասնության շաղախ էր անհրաժեշտ, որը եղավ քրիստոնեությունը: Գրիգոր Լուսավորչի մասին խոսելիս բոլոր մատենագիրներն էլ ակամա վկայում են, որ նա որեւէ հավակնություն չուներ եւ չէր էլ կարող ունենալ Հայաստանի ամբողջական քրիստոնեացման առաջամարտիկը լինելու: Ուղղակի հանգամանքներն ընթացան այդ կերպ… բարեբախտաբար:

Խորենացին աներկբայորեն Գրիգոր Պարթեւի` Տրդատի մոտ ծառայության մտնելու նպատակը ներկայացնում է իբրեւ «զհայրենեացն հատուցանել զպարտիս»: Խորոնք գյուղում ծնված եւ մաքուր հայկական արյուն ունեցող Մովսեսը Մեծ Հայքը համարում է պարթեւազգի Գրիգորի հայրենիքը եւ շեշտում վերջինիս հայրենասիրությունը, որը հաղթող է դուրս գալիս տոհմական եւ արյունակցական թշնամանքի նկատմամբ: «Պարտք հայրենիքի նկատմամբ»,- այս հասկացությանն առաջին անգամ հանդիպում ենք քրիստոնյա Խորենացու մոտ` քրիստոնյա Գրիգորի մասին խոսելիս:

Աստվածասիրության եւ հայրենասիրության ամուր միաձուլումն արդեն իսկ տեսնում ենք 371 թվականին` Ձիրավի ճակատամարտի ժամանակ: Նույն պարթեւազգի Գրիգորից սերած Ներսես կաթողիկոսը, հավասարապես զորացած աստվածասիրությամբ եւ հայրենասիրությամբ, բարձրանում է մերձակա Նպատ լեռը` Հայկի մարդացած Աստծուն մասնակից դարձնելով հերոսամարտին: «Ահա հաղթելու գաղտնիքը»,- բացականչում է Գարեգին Նժդեհը, ով չի թաքցնում իր հիացմունքը պատմական այս «վեհ պատկերի» հանդեպ` «ապրելով եւ վերապրելով այդ կախարդիչ պատկերի գեղեցկությունն ու վեհությունը»: Ինչպիսի՜ անհամապատասխանություն՝ այսօր իբրեւ հեթանոս եւ իբրեւ քրիստոնեության հակառակորդ ներկայացվող, անձնավորության կերպարի հետ…

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները