Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

«ԵՒ ՄԵՔ ՄԻԱԲԱՆ ԳՈՉԵՍՑՈՒՔ՝ ՅԻՇԵԱ ԶՄԵԶ ՏԷՐ,
ՅՈՐԺԱՄ ԳԱՍ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՄԲ ՔՈՎ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԲԱՆԴԻՎԱՆՈՒՄ

իրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը սեպտեմբերի 24-ին հերթական հովվական այցը կատարեց Ամասիա համայնքի հնագույն գյուղերից մեկը՝ Բանդիվան (նախկինում՝ Պենտեվան), որ գտնվում է Ամասիայից արեւելք, իսկ Գյումրիից՝ հյուսիս-արեւմուտք:

Գյուղն Ախուրյան գետի ձախ ափին է: Նյութեղեն մշակույթի մնացորդները՝ կիկլոպյան ամրոցի ստորին պատերը եւ հին բնակատեղիի ավերակները, վկայում են, որ այն Հայաստանի հին շեներից է եւ կոչվել է Պենտեվան:

1951-52 թվականներին Մեծ Բանդիվանը միացել է Փոքր Բանդիվանին եւ անվանվել Բանդիվան: Նախնիները եկել են Կարսից, հիմնականում Կարսի մարզի Տեգոր գյուղից, 1929 թվականին: Գյուղի մի կողմում ձորակն է, որտեղով հոսում է Արիաչաց գետը, իսկ մյուսում՝ բնական աղբյուրի ջուրը, որ համարվում է բուժիչ:

Տեղաբնակները պատմում են, որ երբ 1920 թվականին թուրքերը եկել են այստեղ, աղբյուրի ջուրն ուղիղ քառասուն օր ցամաքել է: Սակայն ակունքը կրկին կյանք է առել՝ վերջիններիս հեռանալուց հետո եւ այնտեղից դարձյալ բխել է բուժիչ ջուրը: Այդ իսկ պատճառով էլ կոչվել է Զորավոր:

Ծառաշատ, երփներանգ ծաղիկներով հարուստ, գեղատեսիլ մի վայր է: Այժմ գյուղն ունի 74 ծուխ՝ 290 բնակչով:

ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

1909 թվականին կառուցված եկեղեցին, որ նախկինում կոչվել է Սուրբ Աստվածածին, բազիլիկատիպ, երկարավուն, քառանկյունի հատակագծով շինություն է՝ կառուցված սրբատաշ սեւ տուֆաքարով: Գետինը պատված է հարթ սալաքարերով (նախկինում՝ հողապատ), իսկ տանիքը փայտածածկ է: Երկայնական պատերի ներսից հնգական փայտյա սյուներ են: Եկեղեցին ունի մեկ դուռ, հարավայի կողմում: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով, երկու խորաններով եւ փոքրիկ լուսամուտը՝ Սուրբ Սեղանը լուսավորելու համար:

Աղոթատան արեւմտյան կողմում է գտնվում զանգակատունը կամ ժամատունը, որի վրա բարձրանում է գեղեցկաշեն կաթողիկեն՝ ութ սյուներով եւ Ս. Խաչով:

Հավելենք նաեւ, որ եկեղեցին վերակառուցվել է Կարապետյանների ընտանիքի բարերարությամբ: 2017 թ. հունիս ամսին, որմնանկարներով զարդարուն եկեղեցին վերաօծվեց՝ ձեռամբ թեմակալ Առաջնորդի եւ վերանվանվեց Սուրբ Խաչ:

Սուրբ Խաչին կից երիցատունն է: Արեւելյան կողմում է գտնվում հին գերեզմանատունը, ուր կան ձիաձեւ, վիշապաձեւ տապանաքարեր: Այստեղ ցայսօր էլ հուղարկավորում են ննջեցյալներին:

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ ԵՎ «ՀՐԱՇԱՓԱՌ»-ՈՎ

Ս. Խաչի բակում Միքայել Սրբազանին, ավանդական աղ ու հացով, դիմավորեցին Աշոցք եւ Ամասիա համայնքների հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, Բանդիվանի վարչական ղեկավար Արտավազդ Ղուկասյանը, դպրոցի տնօրեն Սաթենիկ Գեւորգյանը, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր եւ բարեպաշտ բանդիվանցիներ: Թեմակալ Առաջնորդը եկեղեցի մուտք գործեց «Հրաշափառ»-ի երգեցողությամբ, ուր եւ մատուցվեց եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը՝ ի մասնավորի շեշտելով, որ Բանդիվանի անշուք, խեղճ ու կրակ, լքված եկեղեցին այսօր հրաշալի տեսք ունի. «Այն տարիներ առաջ եկեղեցի չէր հիշեցնում: Տասնութ տարի առաջ, երբ առաջին անգամ այս եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց, եկեղեցին գոմի էր վերածվել: Իսկ այսօր, բարերարի շնորհիվ, ունենք բարենորոգված եկեղեցի…»:

Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց բարերար Կարապետյաններին, Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին, որ իր ներկայությամբ պատվել է ներկաներին, մարզային իշխանության ներկայացուցիչներին, բարեպաշտ բանդիվանցիներին, որոնց աղոթքները նույնպես նպաստեցին, որ այս եկեղեցին կառուցվի…: Նա նշեց նաեւ, որ «մարդն օժտված է ազատ կամքով, ազատ բանականութամբ, ազատ գործելու ունակությամբ, ինչն Աստծո մյուս ստեղծագործությունները չունեն: Ուստի պարտավոր է հիշել իր Արարչին, իր եկեղեցին, Սուրբ Մկրտությունը, Սուրբ Հաղորդությունը»: Պատարագիչ Սրբազանը միաժամանակ հորդորեց բանդիվանցիներին հավատքով շարունակել եկեղեցի այցելել, պսակ ու կնունք անել: Սրբազան արարողության ընթացքում ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բարերարներ Գենիկ եւ Դավիթ Կարապետյանները, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, հարակից գյուղերի ներկայացուցիչներ, Ավստրալիայից ժամանած բարերար Ստեփան Քռքշրյանը, հանրակրթական դպրոցի տնօրենը եւ մեծաթիվ բանդիվանցիներ:

Վերջում՝ եկեղեցուն կից երիցատանը, Կարապետյան եղբայրների կողմից, տրվեց հյուրասիրություն: Այնուհետեւ Ս. Խաչ եկեղեցու բակում ելույթ ունեցավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան):

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները