Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

«ԹԱԳԱՒՈՐ ԵՐԿՆԱՒՈՐ, ԶԵԿԵՂԵՑԻ ՔՈ ԱՆՇԱՐԺ ՊԱՀԵԱ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍԻԴՆԵՅԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ

վստալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի Առաջնորդ, Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի Հայրապետական Պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի հրավերով, օգոստոսի 14-ից սեպտեմբերի 16-ը, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն անցկացրեց Ավստրալիայում:

Հյուրընկալվելով Սիդնեյում՝ Սրբազան Հայրն ի մոտո ծանոթացավ տեղի հայկական համայնքի հետ, զրուցեց, հետաքրքրվեց նրանց հուզող հարցերով, իր ուրախությունը հայտնեց, hայրենիքից հեռու ապրող, մեր հայրենակիցների հայապահպանությանն ուղղված արդյունավոր եւ արգասաբեր ջանքերի առիթով:

Միքայել Սրբազանն առանձնակի հուզմունքով ընդունեց իր հոգեւոր եղբոր՝ Սիդնեյի հայոց Առաջնորդ Հայկազուն Սրբազանի առաջարկը՝ Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցել տեղի առաջնորդանիստ Սուրբ Հարություն եկեղեցում:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Օգոստոսի 20-ին մարդաշատ էր Սիդնեյի Սուրբ Հարության տաճարը: Բարեպաշտ հայորդիները եկել էին՝ ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ Պատարագին, որն այս անգամ նրանց համար փոքր-ինչ այլ խորհուրդ ուներ, քանզի, կիրակնօրյա հերթական Սուրբ Պատարագի աղոթքների հետ մեկտեղ, նրանց հոգիներին հասանելի էր լինելու նաեւ հայրենիքի ձայնը...

Սրբազան արարողակարգից առաջ նախ Շիրակի թեմի Առաջնորդին բարի գալուստ մաղթեց Տ. Հայկազուն եպս. Նաջարյանը՝ ուրախությամբ հիշեցնելով Միքայել Սրբազանի եւ իր հոգեւոր եղբայրության ու բարեկամության անքակտելի կապերի, ինչպես նաեւ, Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում աշխատած տարիներին, Միքայել Սրբազանի ուսուցիչը, դաստիարակը լինելու մասին:

Ապա մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ, ոգեշինիչ եւ հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՔԱՐՈԶԸ

Սիրելի՛ Սրբազան եղբայր, այսօր ինձ համար իրապես ուրախալի առիթ է եւ հնարավորություն, որովհետեւ տարիներ շարունակ փափագ եմ ունեցել այս կողմերը գալ եւ ծանոթանալ Ավստրալիո ժողովրդի եւ հայ համայնքի հետ, բայց հանգամանքները թույլատու չեն եղել: Անշուշտ ունեցածս փափագ էր ընդամենը, երազանք չէր: Երազանքներն ավելի սուրբ, ավելի բարձր եւ ավելի խոր իմաստ ու բովանդակություն ունեն: Բայց, ահավասիկ, սիրելինե՛ր, տարիների այդ փափագը, ցանկությունն իրականանալու հնարավորություն եղավ եւ զգեցավ մեր սիրելի Սրբազանի, ձեր թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Հայկազուն սրբազան եպիսկոպոսի շնորհիվ, ով սիրալիր կերպով ընդառաջեց մեր ցանկությանը, հրավիրեց եւ հյուրընկալեց մեզ այս հեռո՜ւ-հեռավոր ափերում:

Մենք նույնպես խորն ակնածանքի, հարգանքի առիթներ ունենք հանդեպ Սրբազան Հայրը՝ ձեր սիրելի Առաջնորդը, որովհետեւ տարիներ առաջ նա եղել է մեր ուսուցիչը, դաստիարակը, փոխտեսուչը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, ուր մենք 80-ական թվականներին սնվեցինք, մեծացանք, հասակ առանք եւ լծվեցինք եկեղեցվո ծառայության: Այնպես որ մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում նախ եւ առաջ մեր սիրելի Սրբազան եղբորը, մեր ավագ եղբորը, ով այսօր այս հնարավորությունն ընձեռեց մեզ՝ ոչ միայն այստեղ լինելու, այլ նաեւ Սուրբ Պատարագ մատուցելու այս սրբազան եկեղեցում, այս Սուրբ Խորանի վրա եւ ձեզ բաշխելու մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը եւ ահավասիկ նաեւ մեր խոսքը՝ իբրեւ նշխար:

Հետեւաբար՝ նախ եւ առաջ շնորհակալություն հայտնելով Սրբազանին, թեմական խորհրդին, բոլոր-բոլորիդ, ովքեր այսօր հավաքվել եք այստեղ, մենք դարձյալ աղոթակից են լինում ձեզ եւ այս Խորանի վրա գրված խոսքերը մեկ անգամ եւս ուզում ենք հռչակել եւ աղաղակել Տիրոջը՝ ասելով. «Թագաւոր Երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա»: Երկնավոր Թագավորին ենք դիմում՝ հայցելով, որ Իր Եկեղեցին անշարժ պահի: Ո՞վ է Երկնավոր Թագավորը: Մեր Եկնավոր Թագավորը հեռո՜ւ-հեռավոր, անմատչելի, անմերձենալի, անմեկնելի, անբացատրելի մեկը չէ, ինչպես էր երկու հազար տարի առաջ: Փնտրում էին եւ չէին տեսնում, ուզում էին հասնել եւ չէին հասնում: Ահավասիկ, երկու հազար տարի առաջ, մեր Տերը Սուրբ Կույսից մարմնացավ: Այս օրերը Սուրբ Կույսին՝ Աստվածածնին նվիրված օրեր են, նաեւ՝ Տիրամոր բարեխոսությունը հայցելու օրեր:

Տիրամոր միջոցով, կնոջ միջոցով Երկնավոր Թագավորը, որ երկնքում էր, աշխարհ եկավ եւ դարձավ հասանելի, մերձենալի, մատչելի, ըմբռնելի: Անհասանելին եւ անմերձենալին դարձավ մեկը մեզանից եւ դարձավ մեզ նման: Եվ, մեզ նման լինելով, Նա Իր վրա վերցրեց ամեն ինչ, բացի մեղքից եւ մեզ հնարավորություն ընձեռեց նաեւ ժառանգորդները լինել երկնային թագավորության: Ուստի մենք այդ երկնային թագավորության ժառանգորդները լինելու միտումով է, որ կիրակի օրը հավաքվում ենք եկեղեցիներում, որպեսզի հավաստենք եւ հաստատենք, թե, այո, ցանկություն ունենք, Թագավոր Երկնավոր, Քո երկնային թագավորության ժառանգորդները, մասնակիցը, բաժինը, հպատակը լինելու:

Այս աշխարհում դուք զանազան քաղաքացիություններ, զանազան հպատակություններ ունեք: Ոմանք գոհ են իրենց հպատակությունից, քաղաքացիությունից, ոմանք գոհ չեն: Ոմանք ուզում են ստանալ այս կամ այն հպատակությունը եւ հասնում են դրան, իսկ ոմանք էլ չեն հասնում: Բայց բոլորս, իբրեւ մարդ, կոչված ենք մեկ թագավորության հպատակները եւ քաղաքացիները լինելու, եթե արժանի լինենք դրան: Եվ դա երկնքի թագավորությունն է: Ուստի երկնքի թագավորության ժառանգորդը լինելու, նաեւ այդ թագավորությունից մաս ու բաժին ունենալու համար հավաքվում ենք եկեղեցիներում՝ այո՛, նաեւ հոգեհանգիստ անելու: Ինչո՞ւ: Եթե երկնքի արքայություն չկա, չի կարող լինել նաեւ հոգու հանգստություն, եւ անիմաստ է հոգեհանգիստ պատվիրել, անիմաստ է աղոթել մեր ննջեցյալների հոգիների խաղաղության համար: Բայց արդեն հոգեհանգստի դրությունը, հոգեհանգստի համար հավաքվելու մեր պատրաստակամությունը խոսում է այն մասին, որ մենք հավատացողն ենք երկնքի թագավորության:

Եթե երկնքի թագավորություն չկա, ի՞նչ իմաստ ունի աղոթել որեւիցե մեկի հոգու հանգստյան համար: Որտե՞ղ պիտի հանգստանա այդ հոգին, եթե չկա երկնքի արքայությունը: Ուստի երբեմն ինքնաբերաբար, առանց հասկանալու նույնիսկ, ենթագիտակցաբար, առանց խորանալու մեր հավատքի էության մեջ, մենք առաջնորդվում, քայլում, գնում ենք եկեղեցի՝ աղոթելու մեր ննջեցյալների համար, որպեսզի ինքներս նույնպես վաղը, մյուս օրը հասնենք այն թագավորությանը, որին հասել են նրանք եւ նաեւ մեր աղոթքներով հնարավորություն տանք նրանց՝ վայելել երկնքի թագավորությունը, քանի որ իրենք այլեւս ի վիճակի չեն իրենց մեղքերի համար քավություն եւ թողություն խնդրելու: Մենք ենք՝ այստեղ ապրողներս, որ պիտի աղոթենք նրանց մեղքերի թողության եւ քավության համար:

Ուստի եւ, երբեմն նույնիսկ չհասկանալով, երբեմն չանդրադառնալով, մենք, իբրեւ ժողովուրդ եւ իբրեւ հավաքականություն, առավել եւս իբրեւ հայ ժողովուրդ ու հայ հավաքականություն, մեր ներկենցաղով, ապրելակերպով հաճախ փաստում ու ապացուցում ենք երկնքի արքայության իրականությունն ու ճշմարտացիությունը: Հաճախ թվում է, թե մենք չենք քարոզում, չենք խոսում երկնքի արքայությունից, անտարբեր ենք երեւում, զբաղված ենք առօրյա հոգսերով, այդ հոգսերը լուծելով, եւ մեր խոսակցությունները շատ առօրեական են, բայց երբ խոսքը հասնում է հավիտենական կյանքի, ննջեցելոց արքայության, ննջեցելոց հոգիների խաղաղության համար աղոթելուն, այստեղ երեւում են մեր քրիստոնեական կենցաղավարությունն ու ընկալումը եւ հավիտենական կյանքի նկատմամբ հույսն ու հավատքը:

Հետեւաբար՝ երբ աղոթում ենք՝ ասելով. «Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա», եկեղեցին միայն այստեղ չէ եւ միայն այս շենքը չէ: Այն հավիտենական Եկեղեցին է, հաղթանակած Եկեղեցին, որ այնտեղ՝ երկնքում է եւ մարտնչող Եկեղեցին, որ դեռ այստեղ է եւ մարտնչում է երկնքի արքայությունը ժառանգելու համար: Եվ երբ ասում ենք՝ «զեկեղեցի քո անշարժ պահեա», անշարժություն չի նշանակում այդ բառի այսօրվա տեխնիկական իմաստով, անշարժ, անտարբեր, անփույթ, ոչ մի բան չփոփոխող, անփոփոխ, այլ նշանակում է անսասան, ամուր, հաստատուն, այնպես ամուր, ինչպես Քրիստոսի Եկեղեցին է ամուր: Քրիստոս ասաց, որ անգամ դժոխքի դռները չեն կարողանալու այն խորտակել:

Ուրեմն՝ անշարժությունն այնպիսի մի բան չի ենթադրում, որը չի փոփոխվում, չի զարգանում, այլ մնում եւ ճահճանում է: Անշարժությունը հասկանում ենք անսասանության, ամրության, հավիտենականության, մշտնջենականության իմաստով: Ահավասիկ երբ նայում ենք, ես անձամբ, հազարավոր կիլոմետրեր այս կողմ Հայաստանից, այսքան հեռու եւ այս եկեղեցում այսքան հայորդիներ հավաքված, երկնքի արքայության ժառանգորդ լինելու ցանկությամբ, հասկանում ենք, որ այս մաղթանքը՝ «Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա», երկու հազար տարվա ընթացքում իրականացած է եւ շարունակում է իրականանալ, որ Երկնքի Թագավորն իրոք տվել է Իր Եկեղեցուն այդ իշխանությունը՝ անսասան լինելու, ամուր լինելու, հավատարիմ լինելու եւ մշտնջենական ու հավիտենական հույսը փոխանցելու Իր բոլոր՝ հին ու նոր, զավակներին այն հավիտենական երկնքի արքայության, որ նշանակում է հավիտենության եւ որ նշանակում է, թե այսօր չենք հավաքվել պարզապես այս պահի համար, այլ հավաքվել ենք՝ հավիտենության հետ հարաբերվելու, որովհետեւ այն ննջեցյալները, որոնց համար այսօր աղոթելու ենք, ապրում են բոլոր հին ու նոր ննջեցյալների հետ, որոնց այսօր մենք չենք ճանաչում, չենք հիշում, բայց նրանք երկնքի արքայության մեջ միմյանց հետ հարաբերվում ու շփվում են: Մենք էլ ցանկանալով ցանկանում ենք, որպեսզի երբ զանգը հնչի եւ մեր ժամն էլ հասնի՝ այս աշխարհից տեղափոխվելու այն աշխարհ, Երկնքի Թագավորը մեզ տեղ տա այդ թագավորության մեջ՝ մեր սիրելիների կողքին, այն հարազատների կողքին, ովքեր ժամանակին կամ անժամանակ հեռացան մեզանից, եւ մենք այսօր տանջվում ենք բաժանման ցավով: Ոչ թե ցավում ենք, որ մեռան, այլ ցավում ենք, որ բաժանվեցին, որովհետեւ Քրիստոս ասաց, «Ով Ինձ հավատում է, թեպետ եւ մեռնի, ապրելու է»:

Հետւաբար՝ նրանք չմեռան, այլ մեռան, որպեսզի ապրեն: Եվ եթե մենք այսօր եկեղեցում ենք նրանց համար, նրանց հոգիների խաղաղության համար աղոթելու, նշանակում է, ուզենք, թե չուզենք, ստորագրում ենք այդ հավատարմագրի տակ, թե մենք հավատում ենք, որ նրանց հոգիներն անմահ են, հավիտենական արքայության մեջ են եւ Երկնավոր Թագավորի հպատակները, ենթականերն են եւ վայելում են Տիրոջ ներկայությունն այնպես, ինչպես այսօր մենք վայելում ենք միմյանց ներկայությունը:

Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ձեզ՝ սիրելի Սրբազանի գլխավորությամբ, մեզ ընձեռված այս առիթի ու հնարավորության համար, կրկին աղոթում ենք եւ ձեզ էլ հրավիրում ենք աղոթել մեր Եկեղեցու անսասանության, պայծառության, հավիտենական ընթացքի համար, որ նշանակում է աղոթել բոլոր հին ու նոր անձանց համար, ովքեր այս եկեղեցում ապրեցին, գործեցին ու անցան, ովքեր այսօր գործում են ու անցնելու են, նաեւ նրանց համար, որ դեռ չեն եղել, չեն գործում, բայց գալու են, գործելու են ու անցնելու են, եւ որն արտահայտվում է մեկ բառով՝ հավիտենություն: Մարդը, ժամանակավոր լինելով այս կապանքների մեջ, Եկեղեցու տված հնարավորությամբ, պոկում է այդ կապանքները եւ շփվում հավիտենության հետ, Աստծո հետ, որ միակ հավիտենականն է այս աշխարհի վրա: Այդ միակ հավիտենականի հետ շփվելու, անդրադարձ ունենալու եւ ապրելու հնարավորությունն Իր հաստատած Եկեղեցու միջոցով է:

Ուրեմն՝ աշխարհի բոլոր ափերում, բոլոր ծագերում, բայց նամանավանդ եւ առավել եւս Հայաստան աշխարհում թող անսասան ու պայծառ մնա մեր Հայ Առաքելական Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, որպեսզի մագնիսի նման քաշի բոլոր հայ առաքելական համայնքներին դեպի իրեն, խնամք տանի, գուրգուրա եւ ապահովի նրանց զարգացումն ու հեռանկարային առաջընթացը: Թող Տիրոջ սերը, ողորմությունն ու խաղաղությունը լինեն մեր Եկեղեցվո բոլոր զավակների հետ այժմ եւ հավիտյանս. ամեն:

* * *

Սրբազան արարողակարգի ընթացքում մեր Տիրոջ կենդանարար Մարմնին ու Արյանը հաղորդակից դարձան մեծաթիվ բարեպաշտ հայորդիներ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները