Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԿԱՏԱՐՎԵՑ Տ. ՆԱՐԵԿ ԵՊՍ. ՇԱՔԱՐՅԱՆԻ
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 23-ին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, տեղի ունեցավ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Տ. Նարեկ եպս. Շաքարյանի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին Մայր Աթոռի միաբանները` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Մինչ այդ, օգոստոսի 22-ի երեկոյան, բարեհիշատակ Նարեկ Սրբազանի աճյունը դրվեց Գյումրու Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, ուր, նախագահությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպս. Հակոբյանի, կատարվեց Եկեղեցու կարգը եւ մեծաթիվ հոգեւորականներ ու հավատացյալներ վերջին հրաժեշտը տվեցին Նարեկ Սրբազանին:

Օգոստոսի 23-ի առավոտյան, Ս. Աստվածածին մայր եկեղեցում, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մակար վրդ. Հակոբյանը մատուցեց Ս. Պատարագ, որի ընթացքում Գուգարաց թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արքեպս. Չուլջյանը կատարեց հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը:

Ս. Պատարագին Հովնան Սրբազանն ընթերցեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Նարեկ Սրբազանի վերջին օծման եւ հուղարկավորության առիթով, որում ի մասնավորի ասվում է.

«Սիրելինե՛ր, տխրությունը մեր սրտերում հրաժեշտ ենք տալիս Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ եւ նվիրյալ սպասավոր Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանին` ուղեկցելով դեպի կյանքի հավիտենական հանգրվանը:

Լուսահոգի Նարեկ Սրբազանը, Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, ստացավ իր հոգեւոր դաստիարակությունն ու կրթությունը եւ, խորհրդային հասարակարգի պայմաններում, աստվածմերժության դժվարին տարիներին, արձագանքելով տերունական կոչին, ստանձնեց կուսակրոն հոգեւորականի առաքելությունը, որպեսզի իր ծառայությունը բերի հավատավոր մեր ժողովրդին, նպաստի ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացին: Հոգելույս Սրբազանը երկարամյա գովելի սպասավորություն մատուցեց հայոց հոգեւոր կենտրոնում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Նա անդամ էր Մայր Աթոռի Վերստուգիչ հանձնաժողովի, նաեւ նվիրյալ ծառայությամբ արդյունավորում էր Տիրոջ խոսքի քարոզչությունն ու Սուրբ Սեղանին սպասավորությունը` տարիներ շարունակ լինելով Սուրբ Գեղարդավանքի վանահայրը:

Եկեղեցու պայծառության եւ ժողովրդի առաջընթացի ու հոգեւոր կյանքի վերելքի նախանձախնդրությամբ՝ լուսահոգի Նարեկ Սրբազանը շարունակեց իր առաքելությունը որպես Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ, ապա նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի, Շիրակի թեմի առաջնորդ: Մեր ժողովրդին պատուհասած ողբերգական երկրաշարժի օրերին եւ աղետին հաջորդած ծանր ժամանակաշրջանում բարեհիշատակ Սրբազանը Շիրակի թեմի իր սիրելի հավատավոր զավակների հետ էր` կիսելով նրանց վիշտն ու ցավը, ինչպես նաեւ կարեւոր մասնակցություն էր բերում թեմի քաղաքների ու գյուղերի վերականգնողական աշխատանքների եւ վերաշինությունների կազմակերպման ու համակարգման գործում:

Լուսահոգի Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը Սփյուռքի Մեր զավակներին եւս իր ծառայությունը մատուցեց` սպասավորելով Ֆրանսիայի հայ համայնքներում, հայրենիքից հեռու ապրող հայորդյաց ներաշխարհում ամրապնդելով հավատքն առ Աստված եւ սերն ու նվիրումն առ հայրենին: Երկրային իր կյանքի վերջին տարիներին հոգելույս Սրբազանը վերադարձավ մայր Հայրենիք` շարունակելով օգտակար ծառայություններ բերել Շիրակի թեմում:

Հիրավի, ցավ է ամենքիս համար Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի կորուստը: Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր հավատարիմ հետեւորդներին հավիտենական կյանքի ու երանության խոստում տալով, ասում է. «Ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան» (Հովհ. ԺԲ 26):

Ի խորոց սրտի աղոթում ենք, որ, Տիրոջ այդ խոսքի համաձայն, Բարեգութ Աստված, երկնից երանավետ օթեւաններում, լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Իր սպասավորի՝ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի, արժանի դարձնի հավերժական երանությանն ու խնդությանը եւ Սուրբ Հոգու շնորհներով սփոփանք պարգեւի ամենքիս:

Աղոթք եւ օրհնություն Նարեկ Սրբազանի բարի եւ լույս հիշատակին»:

Ս. Պատարագի եւ վերջին օծման կարգի ավարտից հետո, հանգուցյալ Նարեկ Սրբազանի աճյունը տեղափոխվեց Մայր Աթոռ` ամփոփվելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները