Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

«ԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ,
ՈՐԻՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՄԱՔՈՒՐ ԽՂՃՈՎ…»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐՈՒՄ

գոստոսի 6-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հովվական այցով եղավ Աշոցք համայնքի Փոքր Սարիար գյուղում, որը Աշոցքից քսանմեկ, իսկ Գյումրիից հիսուն կիլոմետր հյուսիս-արեւելք է:

Այն գտնվում է Չիչխան գետի վերին հոսանքում: Վերաբնակեցվել է 1826 թվականին Արեւմտյան Հայաստանից՝ Մուշից, Ալաշկերտից եւ Բասենի Փայտույտից եկած գաղթականներով: Այստեղ բնակություն են հաստատել նաեւ Ախուրյանի Մեծ Սարիարից եկածները, որի համար էլ գյուղն անվանվել է Փոքր Սարիար: Դասվում է այն փոքրաթիվ համայնքների շարքում, որոնք պահպանել են իրենց սկզբնական անունը:

Գյուղը հայտնի է հովասուն կլիմայով, սառնորակ աղբյուրներով, ալպյան մարգագետիններով եւ փարթամ բուսականությամբ: Փոքր Սարիարի սահմաններում չկան արժեքավոր պատմական հուշարձաններ: Սակայն գյուղի ճամփեզրին մի խաչքար-հուշարձան է վեր խոյանում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Այստեղ կա 62 ծուխ՝ 250 բնակչով:

Փոքր Սարիարում եղել է 1850 թվականի եկեղեցի, որը խոնարհվել է 1988-ի երկրաշարժից: Գյուղաբնակներից մեկը տրակտորով մաքրել է եկեղեցու տարածքը՝ քարերը լցնելով ձորը: Սարգիս Մանուկյանի տանն են գտնվում 16-րդ դարի «Կոճկուն Ավետարան»-ը եւ Աստվածամոր պատկերը: Ավետարանն իր անվանումն ստացել է կողի վրա գտնվող արծաթյա յոթը կոճակների շնորհիվ:

Ըստ Սարգսյանի պատմածի՝ Սուրբ Գիրքն ու սրբապատկերն իր պապերը բերել են «Էրգիր» Ագարակից, հետո կառուցել մատուռ, ուր եւ ցայսօր դրված է «Կոճկուն Ավետարանը»: Մոտակա սարի վրա կա փայտից մի խաչ, որի մոտով հոսում են յոթն աղբյուրներ:

Փոքր Սարիարի հյուսիսային կողմում հին գերեզմանատունն է, որի տարածքն ընտրել եւ հողն օրհնել է Ալեքսանդրապոլից եկած քահանան: Ննջեցյալներին մինչ այսօր էլ հուղարկավորում են այստեղ:

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Հանրակրթական դպրոցի բակում սպասված հյուրերին, ավանդական աղ ու հացով, դիմավորեցին Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, Սարապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արայիկ Արշակյանը, վարչական ղեկավար Տիգրան Արշակյանը եւ աշակերտությունը:

Հավելենք նաեւ, որ գյուղի դպրոցը վերանորոգվել է շվեյցարական «Կարիտաս»-ի եւ «Լեոպոլդ Բաջման» հիմնադրամի աջակցությամբ, իսկ ծրագիրն իրականացրել է «Կամար» ԲՀԿ-ն:

Հանդիսապետ Սրբազան Հայրը եւ հոգեւորականաց թափորը, «Հրաշափառ»-ի հոգեզմայլ հնչյունների ներքո, մուտք գործեցին դպրոցի սրահ, ուր եւ մատուցվեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը՝ իր խոսքում շեշտելով, որ «մարդը թեեւ ստեղծվածներից ամենաբանականն է, սակայն ամենաանբանն է, ամենաանբանականը, որ մտածում է, թե Աստված գուցե իր ոչ բոլոր արարքներն է տեսնում, չի իմանում, չի նկատում, գուցե իր որեւէ արարքով խաբում է Արարչին, ապակողմնորոշում: Նաեւ խորհում է. «Հետո կհամոզեմ Աստծուն, ինչպես համոզում եմ իմ ծնողին, բարեկամին»: Մտածում է, թե սուտ կխոսի, եւ Աստված կխաբվի»:

Շարունակելով ասելիքը՝ պատարագիչ Սրբազանն ի մասնավորի հավելեց. «Այսպիսի անբանական միտք միայն մարդը կարող է ունենալ…: Նրանք, ովքեր այստեղ չեն, կարծում են, թե վաղը, մյուս օրն այդ ամենի համար հաշիվ չեն տալու: Հաշիվ տալու են Աստծո առջեւ…: Չկա որեւէ մի կարեւոր, գերադասելի բան, քան Սուրբ Պատարագը…: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերն օրհնի ձեզ, ձեր գյուղը, ներկաներին ու բացականերին այժմ եւ հավիտյանս. ամեն»:

Սուրբ Պատարագի ընթացքում նաեւ Սուրբ Հաղորդություն ստացան բարեպաշտ հավատացյալները:

Վերջում՝ հենց դպրոցի բակում, ելույթ ունեցավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները