Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ` ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում:

ողովուրդներն իրենց առաքելությունը կա՛մ ստանում են ի վերուստ, կա՛մ ձեւավորում են ինքնուրույն: Հավատացյալի համար այն ի վերուստ նախասահմանված է, իսկ անհավատի համար` հեղինակված ժողովրդի կողմից: Երկու դեպքերում էլ անիմաստ է ուղեծրից շեղվել: Հետեւաբար` պատմական եւ կրոնական առումներով, ընտրությունը կատարված է: Ուզենք, թե չուզենք, աստվածասիրությունը հայ ինքնության անօտարելի հատկությունն է` երբեմն խորքերում նիրհած, սակայն միշտ առողջ եւ կենսունակ:

Ոչ աստվածասեր հայը ժխտում է իր սեփական ինքնությունն ու պատմությունը` դրա դիմաց որեւէ ռեալ փոխարինելի այլընտրանք չառաջարկելով:

Այսպիսով` մենք աստվածասիրության ճանապարհով ձեռք բերեցինք այն աշխարհագրական տարածքը, որ անվանեցինք Հայք` Հայաստան, եւ որը դարձավ մեր հայրենիքը: Ուստի այստեղ անհնար է չնկատել աստվածասիրության եւ հայրենասիրության, Աստծո եւ հայրենիքի ուղղակի կապն ու առնչակցությունը:

Աստվածասիրությամբ առաջնորդվող ազգին աստվածասիրության միջոցով տրված ժառանգությունը, բնականաբար, հայրենիք պիտի համարվեր եւ նույն սիրուն ու խանդաղատանքին արժանանար, քանի որ երկուսի կապն ակնհայտ էր եւ անհերքելի:

Այստեղ կարեւոր աստվածաբանական հենքի ենք հանդիպում, որն է ժառանգության հասկացությունը: Ի՞նչ է նշանակում «հայրենիք»: «Հայրենիք» նշանակում է հորենական, հորից ժառանգված, հորենական ժառանգություն: Ընդհանրապես որեւէ բանի նկատմամբ սեփականության իրավունքի հավակնության հիմքը ժառանգության իրավական ճանաչումն է: Ինչո՞ւ է Հայաստանը հայրենիք, որովհետեւ ստացված է իբրեւ ժառանգություն, եւ այդ ժառանգությունն անձեռնմխելի է: Այդ ժառանգության վրա պետք է գուրգուրալ, այն պետք է խնամել, սիրել:

Հայրենիքի գաղափարն ի սկզբանե ներկա է եղել հայի գիտակցության մեջ, քանի որ այն, հիմքից ի վեր, ձեւավորված է ժառանգության գաղափարի վրա: Հայկից հետո հայը ժառանգականությամբ կապվում է իր զբաղեցրած տարածքին` իբրեւ հայրենիք, իբրեւ «սեպհականություն»: Հետեւաբար` հայի հայրենասիրությունը, պետականության եւ իշխանության կողմից, արհեստականորեն ներմուծված իրականություն չէ, այլ, պատմական հիշողությամբ փոխանցված, ինքնության եւ ինքնագիտակցության բնորոշ հատկանիշներից մեկը: Ուստի չի կարելի համաձայնել Լեւ Տոլստոյի այն հաստատման հետ, թե «հայրենասիրությունը ստրկություն է»:

Իշխանությունները փոփոխվել են, սակայն հայրենասիրությունը մնացել է նույնը` նույն տարածքի եւ նույն արժեքների նկատմամբ անմնացորդ նվիրվածությամբ: Հայրենիքի նկատմամբ կապվածության եւ սիրո այդ համատեքստում պետք է տեսնել նաեւ հայի թվացյալ պաշտամունքն օտար աստվածներին, որոնց փորձել է հայացնել` անգամ Հայկին աստվածության պատմուճանով զգեստավորելով: Հայկի Աստծուն կորցնելուց հետո, բնականաբար, հայը պետք է փորձեր նոր աստվածներ կերտել` նրանց հայաշունչ, հայախոս եւ հայաբարբառ դարձնելով:

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները