Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՄԱՅԵՐԵՐԻ ՕՐ FLY-ՈՒՄ

Freedom Loving Youth (Ազատասեր երիտասարդներ) ամերիկյան կազմակերպությունը՝ հանձին տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, տնակներում եւ անմխիթար պայմաններում ապրող ընտանիքների քսանհինգ մայրերի համար, կազմակերպեց գեղեցիկ եւ հիշարժան օր. քսանհինգ մայրեր, որ տարիներ շարունակ մոռացել են իրենց «գոյության» մասին, իսկ կյանքի դառը հարվածներն ու ծանր, անվերջ թվացող հոգսերը թույլ չեն տվել նրանց՝ գեղեցիկ, սիրված ու գնահատված զգալու հնարավորություն ունենալ…

FLY-ն այս անգամ, երեխաներին աջակցելուց զատ, որոշեց նաեւ մայրերին ժպիտ պարգեւել եւ նրանց դժվարին ու հոգսառատ կյանքի մեկ օրը երջանիկ դարձնել…

Վերջիններիս հրավիրեց հագուստի եւ կոշիկի խանութ, նրանց համար նոր գեղեցիկ, երեկոյան զգեստներ եւ համապատասխան կոշիկներ գնեց, հաջորդ առավոտ հրավիրեց գեղեցկության սրահ, ուր նրանց դիմահարդարեցին, վարսահարդարեցին եւ մատնահարդարեցին։ Շատերն առաջին անգամ էին գտնվում գեղեցկության սրահում, շատերը տարիներ առաջ էին նոր հագուստներ ունեցել… Անճանաչելիորեն փոխվել էին ու հայելուց հեռու չէին գնում եւ փորձում էին ճանաչել ու հիանալ հայելու մեջ գտնվող կնոջով։

Եվ այսպես գեղեցկացած տեսքով՝ մայրերը մասնակցեցին իրենց քսանչորս զավակների Սուրբ Մկրտության արարողությանը, որը կատարվեց Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում՝ ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազանի եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Արմաշ Սրբազանի։

Մկրտությունից հետո բոլոր երեխաները մայրերի հետ հրավիրվեցին ռեստորան, ուր ուրախ եւ անմոռանալի ժամեր անցկացրին, իրենց զգացին ուշադրությամբ եւ սիրով շրջապատված։ Հանդիսույթի վերջում մայրերն ստացան վարդեր եւ այլ նվերներ։ Մկրտության խաչերն ու մյուս ծախսերը հոգաց FLY կազմակերպությունը։

Մայրերը խոստովանեցին, որ չեն հիշում, թե երբ էին այսքան երջանիկ զգացել իրենց…

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները