Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

«ԵՒ ԿԵՆԴԱՆԵԱՑ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ ՏԷՐ
ԾԱՆՈՒՑԻՆ ԶՔԵԶ ՄՈՎՍԷՍ ԵՒ ԵՂԻԱ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉՈՒՄ

«Երեւի Տէրդ այսօր աշակերտացն ի Թափօրական լերինն, եւ աշակերտացդ զարհուրեալք աղաղակէին ասելով. Արասցուք երիս տաղավարս՝ մի Տեառնդ, եւ մի Մովսիսի եւ մի Եղիայի»։
ՇԱՐԱԿՆՈՑ

ամաձայն Հայոց Եկեղեցու տոնացույցի՝ Պայծառակերպությունը կամ Վարդավառը շարժական տոն է, որին նախորդում է շաբաթապահքը։ Այն նշվում է Սուրբ Հարության տոնից 98 օր հետո եւ այդ ամենն իրար հետ կապող մի լուսեղեն շղթա հյուսում՝ զարդարելով մեր Տիրոջ փրկագործության անկրկնելի պատմությունը։ Իսկ նա ով վստահաբար է մոտենում այդ ամենին, մի չքնաղ վարդ է միահյուսում լուսեղեն շղթային՝ կարծես իր համար արքայություն տանող արահետ բացելով։

Պայծառակերպությունը Տիրոջ երկնային կյանքի այն դրվագներից մեկն է, որի խորհուրդը չափազանց մեծ ու ընդգրկուն է բոլոր Քրիստոնեական Եկեղեցիներում։

Արդեն տասնութ տարի է, ինչ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Այլակերպության տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ է մատուցում, երկրաշարժից խոնարհված, բայց այսօր, թեպետ դանդաղորեն, սակայն աստիճանաբար վեր հառնող, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Աստվածորդուն աղոթակից լինելու անսահման բաղձանքով՝ Պայծառակերպության տոնին այստեղ ի մի են գալիս ոչ միայն մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ, այլ նաեւ, Հայաստան աշխարհի տարբեր տարածաշրջաններից եկած, ուխտավորներ, ովքեր, առ Տեր բարձրացրած իրենց աղոթքից զատ, Սրբազան Հոր հոգեշահ քարոզի ունկնդիրն են լինում, որ ամեն տարի հնչում է յուրովի՝ ներկաներին կոչելով աստվածպաշտության, ինչպես նաեւ հավատարմության աստվածատուր պատգամներին ու տիրավանդ պատվիրաններին։

«ՏԵ՛Ր, ԲԱՐՎՈՔ Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ»

Քրիստոսի հավիտենական Աստված լինելու հանգամանքն ամբողջացավ պայծառակերպության պահին։ Աստվածորդին, Իր հետ վերցնելով ամենամտերիմ աշակերտներին՝ Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին, Թաբոր լեռը բարձրացավ աղոթելու։ Ավետարանների վկայությամբ՝ այդ ժամանակ Տիրոջ դեմքից երկնային լույս էր ճառագում, իսկ զգեստները խիստ ճերմակ էին. «…Եվ Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ Նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույս» (ՄՏ. ԺԷ 2)։

Այդժամ հայտնվում են Մովսեսն ու Եղիան եւ զրուցում Տիրոջ հետ։ Ապա մի լուսավոր ամպ հովանի է լինում նրանց, իսկ ամպից ձայն է լսվում, որ ասում էր. «Դա է Իմ սիրելի Որդին, նրան լսեցեք» (ՄԱՐԿ. Թ 6)։

Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով սարսափած ու գետնամած առաքյալներին՝ Հիսուս նրանց պատվիրում է առայժմ ոչ ոքի չհայտնել իրենց տեսածի ու լսածի մասին մինչեւ Աստծո Որդու խաչելությունը եւ հարությունը։ Եթե առաքյալները կիսաբաց աչքերով տեսան Նրա փառքը, Ով մի կարճ ժամանակահատված ցնծում էր միայն Մովսեսի ու Եղիայի հետ, ապա, աղոթքով ու մեր պատվիրանապահությամբ, մենք նույնպես կարող ենք հուսալ, որ կտեսնենք Աստծուն՝ բյուրվոր հրեշտակներով շրջապատված, հարատեւ բերկրանքի եւ ցնծության, պայծառության մեջ եւ մշտապես խոսակից Նրա հետ, քանզի «մենք բոլորս էլ բաց երեսով Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում հետզհետե աճող մի փառքով։ Եվ այդ փոխակերպումն իրագործում է Տիրոջ Հոգին» (Բ ԿՐ. Գ 18)։ Սա մեծագույն քարոզչությունն է, երբ անհաս, անճառ Գերագույն Էությունը` հավիտենական Աստված, մարդկությանն ուղղորդում է դեպի մեծագույն զոհագործություն, Աստծո Գառի պատարագում մեղավոր մարդկության փրկության համար։

Ըստ Եկեղեցու Սուրբ Հայրերի՝ Թաբոր լեռան վրա ներկա էր միասնական Երրորդությունը՝ Հայրը՝ երկնային ձայնով, Որդին՝ պայծառակերպված եւ Սուրբ Հոգին՝ ամպով նրանց վրա հովանի եղած։

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հուլիսի 23-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր, այդ թվում եւ Գյումրու, եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։

Պակաս մարդաշատ չէր նաեւ Սուրբ Յոթվերք եկեղեցին։ Երկրաշարժից խոնարհված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց ուխտի Սուրբ Պատարգ։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Եվ մենք իսկ, որ Նրա հետ էինք սուրբ լեռան վրա» բնաբանով, օրվա խորհրդին համահունչ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը։ Իր խոսքում Առաջնորդ Սրբազանը մասնավորապես նշեց, որ «մեզ՝ գյումրեցիներիս համար, Վարդավառի տոնն արդեն հատուկ իմաստ ու նշանակություն է ստացել։ Անշուշտ ամենքիս քաջածանոթ է Այլակերպության դրվագը, որը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա եւ որի մասին պատմում են երեք Ավետարանիչները։ Քրիստոս, Իր հետ վերցնելով երեք աշակերտներին, լեռն է բարձրանում աղոթելու։ Ջերմեռանդ աղոթքի պահին այլակերպվում է Տիրոջ դեմքը, իսկ զգեստները շլացուցիչ փայլ են ստանում։ Այնուհետեւ հայտնվում են Մովսեսն ու Եղիան եւ սկսում խոսել Քրիստոսի հետ։

Տեսարանից զարհուրած ու շլացած՝ Պետրոսն ասում է. «Տեր, լավ է մենք այստեղ մնանք. թե ուզում ես, երեք տաղավարներ կառուցենք. մեկը՝ Քեզ, մյուսը՝ Մովսեսի, իսկ երրորդը Եղիայի համար»։ Նույն պահին երկնքից Հայր Աստծո ձայնը վկայում է. «Նա է իմ սիրելի Որդին»։ Աստվածային այս տեսարանից սարսափած՝ աշակերտները գետնին են ընկնում։ Սակայն Քրիստոս քաջալերում է նրանց, իսկ երբ ոտքի են կանգնում, միայն Քրիստոսին են տեսնում…»։

Շարունակելով իր խոսքը՝ Միքայել Սրբազնը, իբրեւ հոգեւոր սնունդ եւ էական երկու դրսեւորում, առանձնակի արժեւորեց Պայծառակերպության դրվագը՝ շեշտելով աղոթասացության եւ մարդկային հոգու այլակերպության կարեւորությունը. «Հետեւաբար՝ այսօր աղոթք եմ վեր բարձրացնում առ Աստված, որ Իր այլակերպության շնորհը մեզ վրա իջեցնի, մեզ եւս վերափոխի, այլակերպի, նորոգի, որպեսզի, իբրեւ պայծառակերպված ժողովուրդ, կարողանանք մեր առջեւ դրված բոլոր նպատակներն իրականացնել…։ Ս. Ամենափրկիչն իր սքանչելի դրվածքով պիտի հյուսի Աստծո պայծառակերպված, այլակերպված փառքը։ Պիտի բարձրացնենք Տիրոջը եւ պիտի երկրպագենք Նրան այս սուրբ լեռան վրա, որ Ամենափրկիչ եկեղեցին է, որովհետեւ մեր Տեր Աստված Սուրբ է…։ Թող Աստված մեր այս աղոթքն ընդունելի համարի, օգնի, օժանդակի մեզ, Իր Աջը մեզ աջակից դարձնի, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակին, ինչի համար քայլ առ քայլ ընթանում ենք առաջ, եւ Տերն Իր շնորհներն ու խաղաղությունը տարածի մեզանից յուրաքանչյուրի վրա այժմ եւ հավիտյանս. ամեն»։

ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՋՐԱԽԱՂ

Վարդավառի տոնին մեծ ու փոքր, տղամարդ ու կին կժերով, սափորներով եւ դույլերով իրար վրա ջուր են ցանում։ Հնում այս տոնին ծաղիկներ էին հավաքում, փնջեր կազմում եւ միմյանց նվիրում։ Ամենից պայծառ հոտավետ ու գեղեցիկ ծաղիկը վարդն է։ Այն համարվում է ծաղիկների թագուհին եւ, ի պատիվ վարդի, այն անվանել են Վարդավառ։ Հիսուս համեմատվում է վարդի հետ։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է. «Գոհար վարդն էր շղարշ առել արփիական վեհ վարսերից, ծավալվում էր հուսկ վերեւում, վարսերից վեր ծաղկածիծաղ ծովն երկնային…»։ Հավանաբար՝ սկսած Ս. Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, այդ հեթանոսական տոնը վերաիմաստավորվեց Քրիստոսի պայծառակերպությամբ, զարդարվեց Նոյ նահապետի ջրհեղեղից փրկությունը նշելով, եւ քանի որ աղավնին բարի լուր բերեց, ուստի այդ օրը սովորություն կա աղավնիներ թռցնել։ Աղավնին նաեւ, Սուրբ Հոգու այլակերպության ժամանակ, իջավ ամպի տեսքով, իսկ մկրտության ժամանակ՝ աղավնակերպ։ Ջուրը կյանքի խորհրդանիշն է, որի մասին Հիսուս Ինքը վկայեց՝ ասելով, թե «թույլ կտա խմել Իր հավիտենական կյանքի ջրերից, որից մեկ անգամ խմողն այլեւս երբեք չի ծարավի»։

Հետեւաբար՝ վարդավառը հեթանոսական տոն չէ, ինչպես կարծում են շատերը, այլ քրիստոնեական։ Սուրբ Գրիգոր Նարեկացին գեղարվեստական նուրբ հոլովումներով է նկարագրում Տիրոջ այլակերպման այս հրաշքը. «Ի փունջ խուռներամ վարդից գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան, այդ սօս ու տօսաղ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին»։

Արդ՝ Բարերար անոխակալ ու Տեր բազումողորմ, հաշտ ու բաց աչքով նայիր Քո սուրբ լեռանը եւ գթա հայ ժողովրդին, որ հետեւում է Քո շավիղներին՝ սուրբ լեռանդ վրա Քեզ հանդիպելու համար, եւ երկրպագելու այն տեղը, ուր հպվել են Քո ոտքերը։ Բաց մեր առջեւ, Տե՛ր, Քո ողորմության դուռն այսօրվա շնորհով, որ ամոթով հետ չդառնանք, այլ իջնենք արդարացած, ինչպես այն մաքսավորն ու մեղավոր կինը։

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հուլիսի 24-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի խաղաղություն բոլոր ննջեցյալների հոգիների։ Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները