Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (206), Հունիս 2017 թ.  


 

       

ԲԱՑՎԵՑ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

ունիսի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ, Հառիճավանքում գործող, Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը։ Ընծայարանը վերանորոգվել եւ գործում է տեր եւ տիկին Ջերալդ եւ Փատրիսիա Թրբանճյանների (Լոս Անջելես, ԱՄՆ) ազնիվ բարերարությամբ։

Արարողությանը ներկա էին Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Մայր Աթոռի միաբաններ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ, այս առիթով Հայաստան ժամանած, բարերարների զավակներ Լորի Մնչերյանը, Փոլ ու Հարրի Թրբանճյանները եւ Թրբանճյան ընտանիքի այլ անդամներ։

Այցը Հառիճի ընծայարան սկսվեց հուշատախտակի բացմամբ, որից հետո պատմական վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, կատարվեց գոհաբանական աղոթք։ Տաճարում ներկաներին ողջունեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը` ուրախություն արտահայտելով, որ կյանքի է կոչվել Հայոց Հայրապետի երբեմնի տեսիլքը եւ, բարերարների նախանձախնդիր աշխատանքի ու նվիրատվության շնորհիվ, եկեղեցին ու հարակից շինությունները «վերակենդանացել» եւ «ապրում» են։

Այնուհետեւ, վանքի շրջափակում, հյուրերին ազգագրական երգերի ու պարերի կատարումներով դիմավորեցին, Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող, Երեւանի Նոր Նորքի, Արաբկիրի եւ Գյումրու հայորդյաց տների սաները։

Տարածքում կատարված շրջայցից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, նորոգված մասնաշենքում կատարվեց օրհնության կարգ։

Արարողության ավարտին ամենքին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Տ. Գեւորգ եպս. Սարոյանը։ Սրբազանը նշեց, որ հայ ժողովրդի ինքնության պահպանման գործոններից ամենակարեւորը կրթված եւ դաստիարակված սերունդ ունենալն է, ինչին եւ նպատակաուղղված է եղել Թրբանճյան ընծայարանի հիմնադրումը՝ Հայոց Հովվապետի կողմից, 2012 թվականին։

Գեւորգ Սրբազանն ընդգծեց, որ ընծայարանն արդեն իր արժանի տեղն է գրավել Մայր Աթոռի հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների շարքում` անցնող տարիների ընթացքում տալով հիսունից ավելի շրջանավարտներ, որոնք համալրել են ինչպես հոգեւոր, այնպես եւ աշխարհիկ կրթօջախները։

Այս առիթով իր ուրախությունն արտահայտեց նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպս. Տերտերյանը` նշելով, որ, շնորհիվ Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերի եւ Թրբանճյան ամոլի առատաձեռնության, այսօր ամենքն ականատեսն են Հայ Եկեղեցու կյանքում կարեւոր եւ պատմական իրադարձության։ Վկայելով Թրբանճյան ընտանիքի նվիրյալ կյանքի, հավատավոր ու մարդասեր ոգու, ինչպես նաեւ Ս. Էջմիածնի նկատմամբ նրանց սիրո մասին` Հովնան արքեպիսկոպոսը նշեց, որ ազգի կյանքն առավել հարատեւ է դառնում, երբ ուշադրություն է դարձվում ազգի դաստիարակությանն ու կրթությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ բարերարների ընտանիքին ողջունեց նաեւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը` կարեւորելով կրթական հաստատության դերն ու նշանակությունը մարզի եւ ողջ Հայաստանի համար։ Մարզպետը վստահություն հայտնեց, որ ընծայարանը կշարունակի պատրաստել գիտակ եւ հայրենասեր երիտասարդներ, որոնք իրենց արժանի ներդրումը կունենան թե՛ հոգեւոր, թե՛ աշխարհիկ ասպարեզներում, կսերմանեն ու կօգնեն պահպանել ազգային արժեքները, հավատքը եւ հայոց ինքնությունը։

Բացման արարողությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը փառք վերառաքեց առ Երկնավոր Տերը, որ Իր շնորհները հեղել է հինավուրց վանական համալիրի վրա, եւ, խորհրդային անաստվածության տարիներից հետո, հնամենի տաճարում հավատավոր հայորդիները վերստին կարողանում են իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ, Ջերալդ եւ Փատրիսիա Թրբանճյանների աջակցությամբ, տարիներ առաջ հնարավոր դարձավ իրագործել վանական համալիրում նաեւ կրթական կյանքը վերականգնելու ծրագիրը։ Հայոց Հովվապետը հաստատեց, որ, ընծայարանի կրթական գործունեությամբ, հինավուրց վանական համալիրը վերստին կծաղկի ու կպայծառանա, ինչը զարկ կտա նաեւ վանական կյանքին։

Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց, որ ընդարձակ ծրագրի հաջորդ փուլում կկատարվի վանքի նորոգությունը եւ տարածքի բարեկարգումը, միաժամանակ ընծայարանի համար կկառուցվի նաեւ հանրակացարանային նոր մասնաշենք` հնարավորություն ընձեռելով ընդարձակել աշակերտների թիվը։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց բարեգործ Թրբանճյան ընտանիքին` դրսեւորած հանձնառության ու նախանձախնդրության համար։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի Առաջնորդին, ընծայարանի տեսչությանը եւ, կատարված աշխատանքներին իրենց գործուն մասնակցությունը բերած, բոլոր հոգեւորականներին ու աշխարհականներին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ներկաներին։

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները