Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՈՒԽՏԸ ԿԱՊԱԿՑՈՒՄՆ Է ԱՍՏՎԱԾԱՅԻՆԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆԻ

պրիլի 23-ին՝ Կրկնազատկի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալ ուխտավորներ, նախաձեռնությամբ Սուսաննա Բաղդասարյանի եւ Ռիմա Բարինյանի, ուղեւորվեցին դեպի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին։

ՍՐԲԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայ ժողովուրդը հայացրել կամ ազգայնացրել է Ս. Գեւորգ Զորավարին եւ կառուցել, Սրբի անունը կրող, մեծաթիվ եկեղեցիներ։ Մուղնու Ս. Գեւորգը 17-րդ դարի կառույց է։ Եղել է նաեւ հայ գրչության ու դպրության կենտրոններից մեկը։ Պատմությունը վկայում է, որ եկեղեցում ամփոփված զորավարի մասունքը Հայաստան է բերվել 350 թ., Ներսես Մեծ Կաթողիկոսի կողմից։ Այդ օրը, ի մխիթարություն եւ օրհնություն հավատացյալ ժողովրդի, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից Ս. Գեւորգ եկեղեցի բերվեց Շուրիշկանի համբավավոր Ավետարանը։

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մատյանը գրվել է Վասպուրականում, 15-րդ դարում, Բարսեղ Վարդապետի ձեռամբ։ Շահ Աբասի տեղահանությունների ժամանակ հայ գաղթականներն իրենց հետ Սուրբ Գիրքը տեղափոխել են Իրան։ Ավանդության համաձայն՝ Արաքսն անցնելիս, Ավետարանն ընկնում է գետը եւ յոթ տարի շարունակ մնում այնտեղ։ Երբ կրկին հաջողվում է Արաքսի ջրերից հանել մատյանը, այն ունենում է սկզբնական տեսքը։ Ընդամենը մի քանի թերթերի եզրերն են փոքր-ինչ թրջված լինում։ Ջրի հետքերն առ այսօր նկատելի են։

Հետագայում Ավետարանը պահվել է Իրանի Շուրիշկան գյուղում, իսկ իրանահայերն ամեն տարի, Ս. Հարության տոնին հաջորդող կիրակի օրը (Կրկնազատկին), նվիրական ուխտի են գնացել ու խոնարհվել պաշտելի Ավետարանին։ 70-ական թվականներին Ավետարանը բերվեց Հայաստան եւ պահ տրվեց Մատենադարանին։

Սուրբ Գեւորգ եկեղեցում, մեծաթիվ ուխտավորների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Զաքարիա Ծ. վրդ. Բաղումյանի։ Սրբազան արարողակարգի ընթացքում հավատավոր ուխտավորներն ու շուրիշկանցիները հնարավորություն ունեցան համբուրել Ս. Ավետարանը, ինչպես նաեւ հաղորդվել մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը։

ՕՀԱՆԱՎԱՆՔ

Վերջին հանգրվանն Օհանավանքի եկեղեցին էր, ուր ուխտավորները երգեցին Կոմիտասի «Սուրբ, Սուրբ»-ը, Տերունական աղոթքը եւ «Տեր ողորմյա»-ն։ Օհանավանքով զմայլված եւ, վանքի հետնամասից բացվող, բնության անկրկնելի տեսարաններով, անդնդախոր ձորերով ու գահավեժ ջրվեժներով հիացած՝ հավատացյալ ուխտավորները վերադարձան իրենց օջախները։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները