Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՕԾՎԵՑ ԼԵՌՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԸ

այիսի 1-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ձեռամբ եւ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի մասնակցությամբ, օծվեց Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ (նախկինում՝ Շիրվանջուղ, Սիրվանջուղ) գյուղի 4-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգը։ Սրբազան արարողությանը ներկա էին Արթիկի թեմի քահանայից դասը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Շիրակի նախկին, Երեւանի այժմյան ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով եւս լեռնակերտցի է եւ մեծաթիվ այլ հյուրեր։

Լեռնակերտը Շիրակի մարզի ամենաբարձր լեռնային գյուղն է։ Բազիլիկ աղոթատունը, ըստ տեղի հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քահանա Նազարյանի, իր տեսակով բացառիկ է թե՛ Արեւելյան եւ թե՛ Արեւմտյան Հայաստաններում։ Լեռնակերտցիներն իրենց եկեղեցու պատմությանը շատ լավ են տիրապետում։ Վերջինս ուխտատեղի է նաեւ եվրոպացիների համար։

Միանավ բազիլիկ կառուցվածքի վրա՝ պարզ ու խաչաձեւ լուծումներով, մշակվել ու զարգացվել են հայկական ճարտարապետության թաղածածկ կառուցվածքների հնագույն եւ հիմնական տիպերը։ Եկեղեցու խորանի կամարաղեղը պայտաձեւ է, իսկ ծածկը` երկլանջ եւ անգմբեթ։ Վաղ քրիստոնեական շրջանի այս եկեղեցին, ինչպես մյուսները, խորհրդային տարիներին վերածվել էր պահեստի։ Հենց նույն վիճակում էլ այս եկեղեցին տեսել է Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազանը՝ որպես թեմակալ Առաջնորդ այդ ժամանակ գյուղ կատարած առաջին այցի ընթացքում։ Իր տեսակով բացառիկ եկեղեցին ցայսօր չի ունեցել զանգակատուն։

Զանգը եկեղեցուն նվիրել է խաչքավոր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ով ծննդով լեռնակերտցի է։

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Սրբազան արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով։ Այնուհետեւ, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, ապա, սաղմոսասացությամբ եւ շարականների երգեցողությամբ, նախ ջրով, ապա գինով լվացվեց զանգը, որից հետո, ձեռամբ Սրբազան Հոր, օծվեց սրբալույս մյուռոնով։

Վերջում Սրբազան Հայրն իր պատգամ-հորդորն ուղղեց ներկաներին` առանձնակի շեշտելով, որ Լեռնակերտ համայնքի կյանքում մեծ կարեւորություն ու դերակատարություն ունի եկեղեցին։ Ապա երախտիքի ու գնահատանքի խոսքեր հղեց բարերար մարզպետին եւ բոլոր ներկաներին։ «Եկեղեցին նախ կամաց-կամաց մաքրվեց, իսկ 2004 թվականին, բարերար Գոհար Խաչատուրեանի աջակցությամբ, վերանորոգվեց, բարենորոգվեց, վերաօծվեց եւ վերաբացվեց։ Հետո Լեռնակերտում կառուցվեց երկրորդ եկեղեցին, նշանակվեցին քահանաներ եւ այս էլ քանի տարի է՝ Լեռնակերտի եկեղեցին պայծառակերպվում է. թե՛ Արթիկի թեմի նախորդ Առաջնորդի, թե՛ այսօր՝ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի օրոք ու շնորհիվ շարունակվում է ծաղկման գործընթացը։ Իմ պատահական այցերն այս գյուղ ցույց են տվել, որ այստեղ Աստծո խոսքի սերմը ցանում ես ու պտուղ է տալիս»,- իր խոսքում նշեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը՝ կարեւորելով եկեղեցու զարգացման նոր օրը։

«Այն, ինչ այսօր արվեց մեկ անձի համար չարվեց, այլ մեկ համայնքի, բոլոր հավատացյալների։ Գուցե ոմանց համար սա փոքր բան թվա, բայց փոքր կաթիլից է ծովն առաջանում եւ թող յուրաքանչյուր մարդ իր կարողության չափով ինչ-որ բան անի եկեղեցու համար, իսկ արդյունքում մենք կունենանք ավելի բարեկարգ ու հավատացյալներով լեցուն եկեղեցի»,- ասաց Տ. Նարեկ վրդ. Ավագյանը։

Այնուհետեւ, ներկաների հայացքների ուղեկցությամբ, վեր բարձրացվեց նորաօծ զանգը եւ խնամքով տեղադրվեց զանգակատանը։

Սրբազան արարողակարգից հետո, եկեղեցում մկրտվեցին եւ Աստծո որդեգիրները դարձան Շիրակի մարզպետի երկու թոռնիկները՝ Հովսեփն ու Հասմիկը։ Այնուհետեւ հենց եկեղեցու բակում ներկաները սեղան նստեցին, կատարվեց նաեւ մատաղօրհնություն։

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները