Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

«ԾԱՓՍ ՀԱՐԷՔ, ԱՄԵՆԱՅՆ ՀԵԹԱՆՈՍՔ, ԱՂԱՂԱԿԵՑԷՔ
ԱՌ ԱՍՏՈՒԱԾ Ի ՁԱՅՆ ՑՆԾՈՒԹԵԱՆ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Հիացան վերնական իշխանութիւնք եւ սոսկալի ձայնիւ աղաղակէին առ միմեանս, ով է սա թագաւոր փառաց, եկեալ մարմնով եւ սքանչելի զօրութեամբ»։
ՇԱՐԱԿՆՈՑ

եր Եկեղեցու Հայրերն իմաստնորեն, Ս. Զատկից հետո, հիսուն օր են սահմանել՝ իբրեւ հոգեւոր ուրախության շրջան, որն ամբողջանում է Համբարձման տոնախմբությամբ, ինչը բոլոր տոների եւ տնօրինական խորհուրդների ամբողջացումն է, քանզի Համբարձումը Տիրոջ երկրավոր կյանքի վախճանն է եւ սկիզբը հավիտենականի։ Քրիստոսի մահը մի պահ շփոթեցրեց Առաքյալներին եւ Իրեն հետեւողներին։ Նրանք, կարծեք, մոռացել էին աստվածային այն ճշմարտությունը, թե խաչն ու խաչելությունը, մահն ու թաղումը լոկ պահեր էին մութ գիշերվա մեջ, որից հետո արեւաշող արշալույսով պիտի սկսվեր նոր կյանք՝ հավիտենականությամբ օծուն։

Աստվածորդին, հրաշափառ Սուրբ Հարությամբ, հաստատեց Իր խոսքերի վավերականությունը։ Ս. Հարությունից հետո, Առաքյալներին եւ մյուս հավատացյալներին երեւալով, կամեցավ ողջ աշխարհին գործնականորեն ու սեփական կյանքով ցույց տալ աստվածային Իր առաքելության հարատեւությունն ու անանցականությունը։ Երկինք չբարձրացած՝ վստահեցրեց Իր հետեւորդներին, թե նրանց հետ պիտի լինի մինչ աշխարհի վախճանը. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (ՄՏ. ԻԸ 20)։ Այս աշխարհից Իր ֆիզիկական մեկնումից առաջ Նա Առաքյալներին փոխանցեց վերջին ու գերագույն պատվիրանը. «Միմյանց սիրեցեք այնպիսի սիրով, որ ողջ աշխարհը ձեզ ճանաչի այդ սիրո միջից» (ՀՀ. ԺԵ 12)։

Ուստի Տիրոջ Համբարձումը մեզ համար նաեւ Հոգեգալստյան պարգեւի պատրաստումն էր։ Քրիստոս համբարձվեց երկինք, որտեղից իջել էր՝ Իր աստվածային զորությամբ փրկելու մեղավորներին եւ ազատագրելու նրանց մահվան հավիտենական կապանքներից։

ԱՎԱՆԴՈՒՅԹ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ

Համբարձման տոնը ժողովրդական մշակույթում հայտնի է «Վիճակի տոն», «Ջանգյուլում», «Կաթնապուրի տոն» անվանումներով։ Այն շարժական է, եւ սովորաբար համընկնում է հինգշաբրի օրվա հետ։ Համբարձումը հայոց ավանդական տոնացույցի գարնանային տոներից է, որը եւս ներառվել է քրիստոնեական տոնացույցում` ստանալով նաեւ կրոնական մեկնաբանություն։ Տոնի գլխավոր արարողությունը «վիճակ» հանելու սովորույթն է, որի համաձայն աղջիկների խմբերը նախապես դաշտերից ծաղիկներ էին քաղում, փնջեր կապում, այնուհետեւ շրջում տնետուն՝ երգելով օրվան համահունչ երգեր։

«Կաթնապուրի տոնը» պտղաբերության խորհուրդն ուներ, քանզի պատրաստվում էր կյանքի շարունակելիության խորհրդանիշ հատիկով եւ աճ, բազմացում ապահովող կաթով։ Զատկից մինչեւ Համբարձում կաթնապուր չէին պատրաստում, որ կովերի կաթը չպակասեր, եւ Համբարձմանը առաջին անգամ եփվող կաթնապուրը ճաշակվում էր մեծ հանդիսավորությամբ, անցորդներին հրավիրում էին ճաշակելու եւ դրանից բաժին էին հանում դրկիցներին։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ

Մայիսի 25-ին` հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում վերստին հնչեղ ղողանջեցին զանգերը։ Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս հավաքվել էին մեծաթիվ հավատացյալներ՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին։ Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզով, պատարագիչ Տեր Հայրը դիմեց ներկաներին՝ մեկնելով տոնի խորհուրդը։

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, տոնախմբելով Համբարձումը, իր տիրավանդ խորհրդին միախառնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը, 1441 թ., Սսից Ս. Էջմիածին փոխադրման հիշատակը, երբ, պատմության թելադրանքով, 484 թվականից ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած, Հայրապետական Աթոռը, Վաղարշապատի Ազգային ժողովի որոշմամբ, վերահաստատվեց լուսավորչահիմն Ս. Էջմիածնում։ Ի հիշատակություն այդ օրվա եւ ի հավերժություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի՝ հընթացս սրբազան արարողակարգի, կատարվեց գոհաբանական մաղթանք, քանզի «Զամենայն ազգս կապեալ կայ ի վերայ աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի»։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները