Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

ԱՎԱՐՏՈՒՆ ՏԵՍՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՍՈՒՐԲ
ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ

իրակի թեմի Առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ ընթացքի մեջ են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները։ Ի տարբերություն նախկինի՝ բացի խորանի որմնանկարից, որը լավ պահպանվել է, եկեղեցին զարդարում է նոր՝ «Ամենափրկիչ» որմնանկարը։

Գտնվելով ավելի քան 38 մետր բարձրության վրա՝ անմիջապես գմբեթի տակ, այն պատկերում է Հիսուս Քրիստոսին՝ բազմած չորս կենդանակերպերի վրա, իսկ ներքեւում հրեշտակները, հրեշտակապետերն ու չորս քերովբեներն են։ Բացի այդ, թմբուկի տակ՝ անկյուններում, պատկերված են չորս ավետարանիչները։ Ստեղծագործության հեղինակը՝ որմնանկարիչ Լեւոն Զաքյանը, ով նաեւ զբաղվում է մանրանկարչությամբ, որմնանկարի մեջ ներառել է հայկական մանրանկարչության տարրեր։

Նա, հայկական մանրանկարչությանը համահունչ, հիմնական շեշտը դրել է կարմրի, կապույտի, ոսկեգույնի ու շատ քիչ նաեւ՝ կանաչի երանգների վրա։ Աշխատանքը բավական բարդ է, բայց ինչպես, վստահեցնում է հեղինակը, այս եկեղեցին մեծ ուժ ու էներգետիկա ունի, ինչն էլ ավելի է հեշտացնում աշխատանքը։ Լեւոնին աշխատանքում օգնում է գործընկերը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Աշխատանքներին պարբերաբար հետեւում են թեմակալ Առաջնորդն ու Վարդան Ղուկասյանը։

Անմիջապես գմբեթի տակ գտնվող «Սբ. Ամենափրկիչ»-ն առանձնանում է ոչ միայն հայկական մանրանկարչությանը բնորոշ պատկերներով ու գունային լուծումներով, այլեւ նախշերով, իսկ քիչ ավելի ներքեւ՝ 20 մետր բարձրության վրա, չորս սյուներին, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես ավետարանիչներն են՝ ընդունված համապատասխանաբար չորս սիմվոլներով (Մատթեոս` հրեշտակակերպ մարդ, Մարկոս` առյուծ, Ղուկաս` եզ, Հովհաննես` արծիվ)։ Եկեղեցական ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետեւյալ բացատրությունը` Մատթեոսի Ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ, այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ, Մարկոսը, առյուծի քաջությամբ, առաջինն է բարձրաձայնում, որ Քրիստոս Աստծո Որդին է, Ղուկասը նույնացվում է զոհի՝ եզի հետ, քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության նկարագրությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում, արծվի իմաստությամբ, վերեւից սավառնելով է ներկայացնում Հիսուսի Աստվածությունը։

Գմբեթի եւ սյուների որմնանկարները միմյանց կապելու եւ իրար լրացնելու համար՝ որմնանակարիչ վարպետը դրանց միջեւ պատկերել է գոտի՝ կրկին հայկական մանրանկարների եւ չորս հրեշտակների պատկերներով՝ մեջտեղը ժապավենազարդ, իսկ պատուհանների միջեւ առկա են լուսանցազարդեր։ Ըստ Լեւոն Զաքյանի՝ աշխատաքներից ամենաբարդը գմբեթի թմբուկինն էր, ինչն արվել է մաթեմատիկական խիստ հաշվարկով, որպեսզի ներքեւից որմնանկարը ճիշտ տեսք ունենա։

Գյումրու խորհրդանիշներից մեկը համարվող, 1860-ականներին կառուցված եւ ավելի քան 36 մետր բարձրություն (առանց գմբեթի) ունեցող՝ եկեղեցին, որի ճարտարապետը եղել է Թադեւոս Անտիկյանը, խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Այն կառուցվել է Անիի Մայր տաճարի օրինակով եւ ասում են, որ վարպետը, ամեն անգամ քարը դնելիս, ֆայտոնով գնացել է Անի եւ հետ եկել ու շարունակել շինարարությունը. այսպես կառուցվել է եկեղեցին՝ քար առ քար։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ Ս. Ամենափրկչի շինարարության համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի։ Եղել են նաեւ հանգանակություններ, իսկ գյումրեցիներն աշխատել են անվարձահատույց։

Եկեղեցու խաչն սկզբում եղել է փայտից։ 1988 թվականի երկրաշարժից աղոթատունը խոնարհվել էր։ Վերականգնման աշխատանքները մեկնարկեցին նախ հանգանակություններով, ապա ստեղծված «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից՝ բարերարների միջոցներով, 1998 թվականին։ Վերականգնողական աշխատանքերն իրականացվել են՝ պահպանելով նախկին ճարտարապետական տեսքը, օգտագործելով հին քարերը։ Սակայն եկեղեցու ամրության համար ավելացվել են մետաղյա կոնստրուկցիաներ։

2002 թվականից վերականգնման աշխատանքների ֆինանսական հիմնական բեռն իրենց ուսերին են վերցրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Ղուկասյանների ընտանիքը։ Վերջիններիս միջոցներով ոչ միայն հիմնանորոգվեց եկեղեցին, այլ նաեւ նոր խաչ տեղադրվեց, ինչի արդյունքում Ս. Ամենափրկիչն այսօր ունի 47 մետր բարձրություն։ Այժմ իրականացվում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները։ Արդեն տեղադրված է նաեւ փոքր զանգը, որն իր կողմից քաղաքին նվիրեց քանդակագործ Արտուշ Պապոյանը։ Շատ գյումրեցիներ վստահ են, որ, 1988 թվականի երկրաշարժից հետո, Գյումրու վերականգնումը կազդարարվի հենց Ամենափրկչի վերականգնումով։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները