Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ` ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

ողովուրդներն իրենց առաքելությունը կա՛մ ստանում են ի վերուստ, կա՛մ ձեւավորում են ինքնուրույն։ Հավատացյալի համար այն ի վերուստ նախասահմանված է, իսկ անհավատի համար` հեղինակված ժողովրդի կողմից։ Երկու դեպքում էլ անիմաստ է ուղեծրից շեղվելը։ Հետեւաբար` պատմական եւ կրոնական առումներով, ընտրությունը կատարված է։ Ուզենք, թե չուզենք, աստվածասիրությունը հայ ինքնության անօտարելի հատկությունն է` երբեմն խորքերում նիրհած, սակայն միշտ առողջ եւ կենսունակ։

Ոչ աստվածասեր հայը ժխտում է իր սեփական ինքնությունն ու պատմությունը` դրա դիմաց որեւէ ռեալ փոխարինելի այլընտրանք չառաջարկելով։

Այսպիսով` մենք աստվածասիրության ճանապարհով ձեռք բերեցինք այն աշխարհագրական տարածքը, որ անվանեցինք Հայք` Հայաստան, եւ որը դարձավ մեր հայրենիքը։ Ուստի այստեղ անհնար է չնկատել աստվածասիրության եւ հայրենասիրության, Աստծո եւ հայրենիքի ուղղակի կապն ու առընչակցությունը։

Աստվածասիրությամբ առաջնորդվող ազգին աստվածասիրության միջոցով տրված ժառանգությունը, բնականաբար, հայրենիք պիտի համարվեր եւ նույն սիրուն ու խանդաղատանքին արժանանար, քանի որ երկուսի կապն ակնհայտ էր եւ անհերքելի։

Այստեղ կարեւոր աստվածաբանական հենքի ենք հանդիպում, որն է ժառանգության հասկացությունը։ Ի՞նչ է նշանակում «հայրենիք»։ «Հայրենիք» նշանակում է հորենական, հորից ժառանգված, հորենական ժառանգություն։ Ընդհանրապես որեւէ բանի նկատմամբ սեփականության իրավունքի հավակնության հիմքը ժառանգության իրավական ճանաչումն է։ Ինչո՞ւ է Հայաստանը հայրենիք, որովհետեւ ստացված է իբրեւ ժառանգություն, եւ այդ ժառանգությունն անձեռնմխելի է։ Այդ ժառանգության վրա պետք է գուրգուրալ, այն պետք է խնամել, սիրել։

Հայրենիքի գաղափարն ի սկզբանե ներկա է եղել հայի գիտակցության մեջ, քանի որ այն, հիմքից ի վեր, ձեւավորված է ժառանգության գաղափարի վրա։ Հայկից հետո հայը ժառանգականությամբ կապվում է իր զբաղեցրած տարածքին` իբրեւ հայրենիք, իբրեւ «սեպհականություն»։ Հետեւաբար` հայի հայրենասիրությունը, պետականության եւ իշխանության կողմից, արհեստականորեն ներմուծված իրականություն չէ, այլ, պատմական հիշողությամբ փոխանցված, ինքնության եւ ինքնագիտակցության բնորոշ հատկանիշներից մեկը։ Ուստի չի կարելի համաձայնել Լեւ Տոլստոյի այն հաստատման հետ, թե «հայրենասիրությունը ստրկություն է»։

Իշխանությունները փոփոխվել են, սակայն հայրենասիրությունը մնացել է նույնը` նույն տարածքի եւ նույն արժեքների նկատմամբ անմնացորդ նվիրվածությամբ։ Հայրենիքի նկատմամբ կապվածության եւ սիրո այդ համատեքստում պետք է տեսնել նաեւ հայի թվացյալ պաշտամունքն օտար աստվածներին, որոնց փորձել է հայացնել` անգամ Հայկին աստվածության պատմուճանով զգեստավորելով։ Հայկի Աստծուն կորցնելուց հետո, բնականաբար, հայը պետք է փորձեր նոր աստվածներ կերտել` նրանց հայաշունչ, հայախոս եւ հայաբարբառ դարձնելով։

Շարունակելի

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները