Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

ՍՐԲՈՑ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Սրբոց Ղեւոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել, Հայոց Եկեղեցու թեմերում ու կառույցներում սպասավորող, 230 եկեղեցականներ։

Տոնի կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգեւաբաշխության արարողություն։

Տերունական միասնական աղոթքից հետո հոգեւորականաց դասին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Բերկրաշատ տոնի առիթով շնորհավորելով Նորին Սրբությանը եւ Հայ Եկեղեցու ողջ հոգեւորականաց դասին` Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Ս. Ղեւոնդյանց տոնը նորոգության կոչ է բոլոր հոգեւորականներին, որպեսզի նրանք իրենց կյանքի ուղեկից ունենան Սրբոց Ղեւոնդյանց սխրանքը եւ, նրանց բարի օրինակով, իրենց պատերազմը մղեն՝ դիմագրավելու արդի մարտահրավերները։

Հավարտ Սրբազան Հոր բացման խոսքի, տեղի ունեցավ պարգեւաբաշխությունը, որի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան հայրապետական թեմից Տ. Նշան քհն. Ալավերդյանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց Տ. Մատաթիա քհն. Գասպարյանը, Արագածոտնի թեմից Տ. Սարգիս քհն. Սարգսյանը եւ Տ. Թադե քհն. Թախմազյանը, Վայոց Ձորի թեմից Տ. Ներսես քհն. Արշակյանը, Սյունյաց թեմից Տ. Վահան քհն. Հեբոյանը եւ Տ. Պարգեւ քհն. Զեյնալյանը, Գուգարաց թեմից Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյանը եւ Տ. Գրիգորիս քհն. Դերմենջյանը, Տավուշի թեմից Տ. Սմբատ քհն. Աբրահամյանը եւ Տ. Արշավիր քհն. Ասատրյանը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունից Տ. Շնորհք քհն. Շահինյանը եւ Տ. Արիս քհն. Խաչատրյանը, ինչպես նաեւ Տ. Վաղարշ քհն. Իսախանյանը (Կենտրոնական Եվրոպայի պատվիրակություն) եւ Տ. Կարապետ քհն. Ղարիբյանը (Ուկրաինայի հայոց թեմ)։

Պարգեւաբաշխությունից հետո ներկաներին իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, արդեն ավանդույթ դարձած, համախմբման առիթով, երբ Սրբոց Ղեւոնդյանց տոնին տարբեր թեմերում սպասավորող եկեղեցականները ժամանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ վերանորոգելու իրենց քահանայական ու ծառայական ուխտը։

Հայոց Հայրապետը նշեց, որ տոնը թե՛ Եկեղեցու սպասավորներին, թե՛ հավատացյալներին առիթ է ընձեռում` ոգեշնչվելու Ս. Ղեւոնդյանց քահանաների պայծառ օրինակով, նմանվելու նրանց՝ առ Քրիստոս ունեցած իրենց հավատքով եւ առ հայրենին ունեցած սիրով ու նվիրումով։

Վեհափառ Տերն ընդգծեց, որ այս տոնը եկեղեցականներին նաեւ առաջնորդում է անդրադառնալ իրենց կոչմանն ու առաքելությանը։ Վկայակոչելով առաքելական խոսքը` «Քանզի ո՞վ է մեր հույսը, կամ ուրախությունը, կամ մեր պարծանքի պսակը, եթե ոչ դուք ի Տեր» (Ա Թես. Բ 19), Վեհափառ Հայրապետը պատգամեց, որ եկեղեցականները հոգեւոր ծառայության արդյունքում եւս կարողանան առաքյալի նմանողությամբ հպարտանալ իրենց խնամքի ներքո գտնվողների առաքինի վարքով եւ քրիստոնեավայել կյանքով։

«Քահանայի հպարտությունը, արդարեւ, իրեն հանձնված հոտի անդամների քրիստոնեական բարի ընթացքն է, զորեղ, նվիրյալ հավատքն առ Տերը եւ հավատարմությունը, նախանձախնդիր ծառայանվիրումը հանդեպ հայրենին։ Մենք գիտենք, որ անհավատության ութսուն տարիները մեծ հարված բերեցին մեր երկրին ու ժողովրդին, սակայն, փառք Աստծո, անցնող քսանհինգ տարիների ընթացքին մեծ աշխատանք տարվեց մեր Եկեղեցու եւ եկեղեցականաց կողմից, որպեսզի մեր զավակները վերստին իրենց հայացքով դառնան դեպի մեր Սուրբ Եկեղեցին, դեպի իրենց հայրերի սրբազան հավատքը եւ իրենց կյանքն ապրեն Քրիստոսի պատգամների ու պատվիրանների համաձայն», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով նաեւ ներկայիս հոգեւոր կյանքից ներս արձանագրված ձեռքբերումներին։

Այսօրվա կյանքի տարբեր փորձությունների եւ դժվարությունների պարագայում Հայոց Հովվապետը հոգեւոր հովիվներին պատգամեց մշտապես լինել իրենց հավատացյալ զավակների կողքին` նրանց ե՛ւ մխիթարել, ե՛ւ, ի պահանջել հարկին, հանդիմանել, որպեսզի անսայթաք կերպով ընթանան Ավետարանի ճշմարիտ վարդապետության շավիղներով, կրողը լինեն այն բոլոր բարոյական արժեքների, որոնք արժանի են դարձնում Տիրոջ օրհնությանն ու ողորմությանը, հնարավորություն ընձեռում Աստծո առջեւ կանգնելու զորեղ հավատքով ու առ հայրենին ունեցած սիրո հպարտությամբ։

Ողջունելով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի հայոց թեմի Առաջնորդ Տ. Գարեգին արքեպս. Բեքչյանի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպս. Մաշալյանի ներկայությունը` Ամենայն Հայոց Հայրապետը, ի դեմս նրանց, իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց նաեւ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներում եւ Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող բոլոր եկեղեցականներին։

Այս առիթով Նորին Սուրբ Օծությունն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին` նրանց ուժ եւ կորով մաղթելով հետագա առաքելության մեջ։ Վեհափառ Հայրապետը նաեւ իր հայրական սերն ու օրհնությունը հղեց քահանայից դասին` հորդորելով, իբրեւ նոր Ղեւոնդ երեցներ, աներեր հավատով շարունակել իրենց քաջարի, նախանձախնդիր եւ նվիրյալ ծառայությունն ի պայծառություն Հայոց Եկեղեցու եւ ի շենացումն Հայրենիքի։

Վերջում, Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով, վերստին շնորհավորելով հոգեւորականաց դասին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավորից հայցեց, որ, Իր Սուրբ Աջի հովանու ներքո, խաղաղ պահի հայրենի երկիրը եւ հայ ժողովրդին` սիրով միաբան միասնաբար լծվելու Հայրենիքի շինության եւ հոգեւոր կյանքի կերտման նվիրական գործին։

Արարողությունն ամփոփվեց Հայրապետական «Պահպանիչ» աղոթքով։

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները