Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

«ՔԱՌԱՍՆՕՐԵԱ ՏՂԱՅ ԵՒ ՏԷՐՆ ՕՐԻՆԱԴԻՐ ՏՆՕՐԻՆԱԲԱՐ ԵԿՆ
Ի ՏԱՃԱՐՆ» ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ«ՔԱՌԱՍՆՕՐԵԱ ՏՂԱՅ ԵՒ ՏԷՐՆ ՕՐԻՆԱԴԻՐ ՏՆՕՐԻՆԱԲԱՐ ԵԿՆ Ի ՏԱՃԱՐՆ»
ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

«Որ արձակիչդ ես կապելոց պարգեւատու ամենեցուն. այսօր հայցմամբ ծերունւոյն արձակեա եւ զիս զբազմամեղս ի կապանաց մահու ի կեանսդ յաւիտենից»։
ՇԱՐԱԿՆՈՑ

յառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եւ Արեւելյան Եկեղեցիները համարում են Տերունի, որովհետեւ հանդիսանում է Աստվածհայտնությունը բացահայտող Սուրբգրային իրողություն։

Փետրվարի 14-ին Հայոց Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց քառասնօրյա Փրկչի տաճարընծայման տոնը` Տյառնընդառաջը, որ բառացի նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Ինչպես Աստվածորդին խոնարհվեց եւ դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այնպես եւ մենք ենք պարտավոր Նրան ընդառաջ գնալ։

Տյառնընդառաջը համարվում է նաեւ լույսի տոն, քանզի մեկ անգամ եւս փաստվում ու շեշտվում է Քրիստոսի Լույս լինելը։ Աստված Լույս է, եւ Նրա մեջ խավար չկա» (ՀՀ. Ա 5)։

Սուրբ Գիրքն ավանդում է, որ Երուսաղեմում Սիմեոն անունով մի աստվածավախ ծերունի էր ապրում, ով իր ողջ կյանքում սպասում էր Փրկչին։ Սուրբ Հոգուց ներշնչված՝ ծերունին, Հիսուսի ընծայման օրը, տաճար է գնում եւ, գրկելով Մանկանը, ասում է. «Այժմ, ո՛վ Տեր, համաձայն քո խոստման՝ խաղաղությամբ արձակիր քո ծառային, քանզի աչքերս տեսան Փրկչին, որ ուղարկեցիր դու բոլոր ժողովուրդներին, որպես լույս՝ լուսավորելու հեթանոսներին եւ լինելու փառքն Իսրայելի՝ քո ժողովրդի» (ՂԿ. Բ. 29-33)։

Այնուհետեւ Սիմեոնն օրհնում է Մանկանն ու Մարիամին ասում. «Այս Մանուկը Իսրայելի ժողովրդից շատերի անկման եւ շատերի փրկության պատճառ պիտի դառնա։ ...Իսկ գալով քեզ՝ քո սրտի միջով էլ սուր պիտի անցնի» (ՂԿ. Բ 34-35)։

Տաճարում Տիրոջը փառաբանում եւ գոհություն է մատուցում նաեւ Աննա մարգարեուհին, ով Երուսաղեմի փրկությանն սպասողների հետ խոսում էր հրաշափառ Մանկան մասին։

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Փետրվարի 13-ին, առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր կեղեցում, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հանդիսապետությամբ, կատարվեց երեկոյան ժամերգություն, որից հետո՝ Տյառնընդառաջի նախատոնակ։ Տոնականորեն զգեստավորված հոգեւորականաց հանդիսավոր թափորը, Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, ուղղվեց Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց տարվա առաջին Անդաստանի կարգը, հընթացս որի օրհնվեցին աշխարհի չորս կողմերը։ Այնուհետեւ օրհնվեցին նաեւ այն մոմերը, որոնց կրակով, ձեռամբ Սրբազան Հոր, բոցավառվեց հրապարակի կենտրոնում պատրաստված, ավանդական խարույկը։

Եռամեծ Վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին այսպես է բնութագրում Տյառնընդառաջի վառվող խարույկը. «Ինչպես, Տիրոջ տաճարընծաման ժամանակ, ժողովուրդը ջահերով եւ կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում։ Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու» (Ձմեռան հատոր)։ Այնուհետեւ խարույկի շուրջը բոլորեց ուրախ շուրջպարը։ Տոնախմբությունը շարունակվեց մինչեւ ուշ երեկո։

Արդ՝ ապրենք ճշմարիտ կյանքով` ընդառաջ գնալով Տիրոջը` Նրա պատվիրանները կատարելով։ Խնդրենք Աստծո արքայությունը, մնացածն ավելիով կտրվի մեզ։

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Տյառնընդառաջի հնօրյա ավանդույթներին մեր օրերում հավելվել է եւս մեկը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր։ Ս. Յոթվերք եկեղեցի եկած նորապսակ զույգերը ոչ միայն օրհնություն ստացան, այլեւ տուն տարան վառվող ճրագներ՝ իրենց բակերում տոնական խարույկներ վառելու համար։

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 14-ին Ս. Աստվածածին եկեղեցում մեծաթիվ հավատացյալներ ներկա գտնվեցին Տյառնընդառաջի Սուրբ Պատարագին։ Օրվա պատագիչն էր Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները