Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն աշխարհի»...
 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ
ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Եւ մի՛ կերպարանիք կերպարանաւք աշխարհիս այսորիկ. այլ նորոգեցարո՛ւք ի նորոգութիւն մտաց ձերոց, առ ի քննել ձեզ զլա՛ւն եւ եթէ զինչ են կամքն Աստուծոյ, բարին եւ հաճոյն եւ կատարեալ»։
ՀՌ. ԺԲ 2

իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված, փառաբանում Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ով աշխարհ եկավ՝ փրկելու կորստյան մատնված մարդկությանը։

Աստծո կողմից արարված աշխարհում առաջին մարդը՝ Ադամը, աստվածային պատվիրանը խախտելով, ընթացավ Աստծո կամքին հակառակ, զրկվեց շնորհներից ու պարգեւներից Արարչի։ Ադամով մեղքն սկիզբ առավ մարդկային կյանքում, եւ մահը մուտք գործեց աշխարհ։ Աստված, սակայն, Իր արարչական սիրով ու ողորմածությամբ, նոր իրականություն կերտեց մարդկության համար։ Ի լրումն ժամանակի՝ աշխարհ առաքեց Իր Միածին Որդուն՝ քավելու մարդկության մեղքը եւ պարգեւելու հավիտենական կյանք։ Քրիստոսով նորոգվեց, մեղքերով փոթորկվող, աշխարհը, մարդկանց տրվեց նոր արարած լինելու շնորհը, աշխարհում խաղաղություն, սեր եւ հաճություն հաստատելու պատգամը։ Տիրոջ փրկագործության իրողության առջեւ Պողոս Առաքյալը հորդորում է. «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, եւ թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարյալը»։

Առաքյալի այս խոսքերն արտահայտում են ոգին Ավետարանի, որի քարոզությունն աշխարհում արգասավորեց Քրիստոսով նորոգության ուղին՝ փոխակերպելով մարդկային կյանքեր, հասարակություններ, արմատավորելով մտածողությունը համընդհանուր բարօրության եւ աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման։ Ցավալիորեն, սակայն, Աստծուն հակառակ մեղսագործ ընթացքները շարունակվում են։ Չեն դադարում պատերազմները, հակամարտություններն ու ահաբեկչությունները, ոտնահարվում են մարդկային իրավունքները, արդար դատապարտություն չեն գտնում ցեղասպանություններն ու մշակութային եղեռնագործությունները։ Ընչաքաղցությունը, հարստանալու մարմաջը մղում են խաբեության ու չարաշահումների, պատճառ դառնում մարդկային ողբերգությունների, առաջնորդում հասարակության բեւեռացման, սոցիալական անարդարության։

Գթասրտության եւ ազնվության կողքին ականատես ենք ատելության եւ նենգադավության, խոնարհության եւ ծառայանվիրումի հանդիման՝ փառասիրության եւ իշխանատենչության մոլուցքների։ Այս բոլոր վերքերի վրա Քրիստոսի մարդեղության խորհուրդը պարզում է հույսը նորոգության, որպեսզի, Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, մարդիկ քննեն լավը «եւ թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարյալը» եւ ապրեն աստվածահաճո իրագործումներով։ Աստվածային կամքի համաձայն՝ ընթացքն է կանգուն պահում աշխարհը եւ կյանքը զարդարում սիրով, խաղաղությամբ, արդարությամբ, ճշմարտությամբ, որոնք Աստված շարունակ աճեցնում է հավատավոր հոգիներում։ Քրիստոսով նորոգության վկայությունն է, որ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, պիտի բերենք աշխարհում։ Քրիստոնյայի կյանքը ներգործուն առաքելություն է մարդկանց եւ աշխարհի հանդեպ։ Քրիստոսի փրկագործությունը օրինակ է՝ համամարդկային եւ ազգային բարիքի հաստատման մեջ տեսնելու սեփական առաքելությունը եւ միասնության մեջ կերտելու երջանկության, առաջընթացի, ձեռքբերումների ուղիները։ Այսպես կյանքը ինքնանպատակ լինելուց դառնում է նվիրում, աշխատանքը՝ արարում, գիտությունը, տաղանդը՝ համընդհանուր բարիք, իշխանությունը՝ ծառայություն ժողովրդին, իսկ մարդու երկրավոր, անցողիկ կեցությունը՝ բաղձանք ու ձգտում դեպի հավիտենություն։

Նորոգության ավետարանական պատգամը եւ առաքելական հորդորը մշտահունչ եւ կենսունակ են մեր ժողովրդի համար։ Ավետարանով նորոգյալ կյանքը դարեր շարունակ մեր ազգին պարգեւել է հավատքի զորություն, հոգու ամրություն ու արիություն՝ դիմակայելու փորձությունների, համբերելու նեղությունների եւ արարելու գրո հիշատակի արժանի գործեր։ Նույն ոգով այսօր դիմագրավում ենք հայրենի մեր երկրի անօրինական շրջափակմանը, կյանքեր խլող սադրիչ ռազմական գործողություններին, հաղթահարում մեր առջեւ ծառացած դժվարությունները, դիմակայում մարտահրավերներին եւ ջանքեր բերում՝ կերտելու խաղաղ ու բարօր կյանքը մեր ժողովրդի, սատար կանգնելու, Մերձավոր Արեւելքում պատերազմական դժվարությունները կրող, մեր քույրերին ու եղբայրներին։ Ներկա հիմնախնդիրների, նեղությունների հանդիման Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը կյանքի նոր արշալույս է բացում, ջերմացնում մեր հոգիները եւ հավելում հույս ու լավատեսություն։

Փրկչի Ծննդյան ու Աստվածհայտնության խորհրդի առջեւ այսօր առաքելական նույն հորդորն ենք բերում, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Աստծո կամքին հետեւելու, բարին ընտրելու, դեպի կատարյալը ընթանալու, տոգորվելու կյանքը բարեփոխելու վճռականությամբ ու նախանձախնդրությամբ։ Պահպանենք մեր սրտերը որպես բեթղեհեմյան գողտրիկ անձավներ աստվածային ներկայության՝ լինելու Փրկչին ճշմարտապես երկրպագողներ, ողորմած, արդարամիտ ու եղբայրասեր։ Զորանանք Տիրոջով, որ կարող լինենք իրականություն դարձնել մեր հույսերը, իրագործել ազգային մեր նպատակները։ Մեր հոգիներում վառ պահենք հավատքը՝ որպես առ Տերն առաջնորդող բեթղեհեմյան աստղալույս եւ իմաստուն մոգերի պես մեր կյանքի ճանապարհը միշտ դարձնենք հավատարմություն ու նվիրում առ Տերը մեր՝ Հիսուս Քրիստոս, հավատարմություն ու նվիրում առ Հայրենին եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին։

Քրիստոսի Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական ողջույն ենք հղում եւ Մեր բարեմաղթանքները բերում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպս. Մութաֆյանին եւ մեր Եկեղեցու ողջ հոգեւոր դասին։ Մեր ջերմ ողջույնն ենք հղում եւ Մանուկ Հիսուսի փրկարար շնորհները հայցում քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ նրանց հավատավոր հոտին։

Մեր ողջույնն ենք հղում եւ Տիրոջ զորակցությունը մաղթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Աժ նախագահին, վարչապետին, հայոց պետական ավագանուն եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին։ Հայրական Մեր սերն ու օրհնությունը՝ հավատավոր համայն Մեր զավակներին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս։

Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրն աղոթք ենք բարձրացնում առ մարդացյալ Աստվածորդին ողջ աշխարհի խաղաղության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար։ Հայցում ենք, որ Բարին Աստված մարդկանց սրտերից հեռացնի բռնության եւ ատելության որոմները եւ սերմանի սիրո եւ համերաշխության շնորհները՝ իրագործելու Աստծո կամքը՝ «բարին եւ հաճելին եւ կատարյալը»։ Թող Տերն Իր օրհնության եւ Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին եւ հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունն այսօր եւ միշտ եւ հավիտյանս. ամեն։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները