Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն
աշխարհի»...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

«1 ԲԱՑԻԿ=1 ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ
ԳՆՎՑ ՉՈՐՐՈՐԴ ԲՆԱԿԱՐԱՆԸ

2016 թվականի դեկտեմբերի 7-ին լրացավ 1988-ի աղետալի երկրաշարժի 28-րդ տարելիցը. օր, երբ հիշվում են գյումրեցիների չսպիացած վերքերը, կորուստն ու ցավը։ Հազարավոր ընտանիքներ երկրաշարժի հետեւանքով դարձան անօթեւան։ Ցայսօր գյումրեցին կանգնած է անօթեւանության խնդրի առջեւ։

2013-ին ձեռնարկած եւ մինչ օրս հաջողությամբ իրականացվող «1 բացիկ = 1 բնակարան» ծրագիրը շարունակվեց։ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բարեգործական ջոկատը չորրորդ անգամ ձեռնամուխ եղավ իրականացնել անչափ կարեւոր այս ծրագիրը։ Ջոկատի կամավորները բացիկի գնման ու ծրագրին միանալու առաջարկով դիմեցին ավելի քան 21 հասարակական կազմակերպությունների, 40 դպրոցների, 36 առեւտրային կազմակերպությունների։ Բացի այդ, Աժ 75 պատգամավորների ուղարկվեցին էլեկտրոնային նամակներ՝ ծրագրին միանալու առաջարկով. երիտասարդների կոչին արձագանքեցին տեղի պատգամավորները։

Նշենք նաեւ, որ յուրաքանչյուր կիրակի, անկախ եղանակային պայմաններից կամ առկա խնդիրներից, ջոկատի կամավորները Ս. Աստվածածին մայր եկեղեցու դիմաց իրականացրին բացիկների բաց վաճառք, որին մասնակցում էին գյումրեցիները. յուրաքանչյուր գյումրեցի, 400 դրամ ներդնելով, մեծ ծրագրի փոքր մասն էր կազմում։ Այս տարի տպագրվել էր 11000 բացիկ։

Շատ կարեւոր էր նաեւ ընտանիքի ընտրության հարցը. Ջոկատի անդամները մշտապես մեծ կարեւորություն են տվել այս հարցին։ Ամեն տարվա նման՝ այս անգամ եւս, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ եւ օգնությամբ, ծրագրի վերջնական փուլում իրականացվեց ընտանիքի ընտրությունը՝ տնայցեր ու կարիքների գնահատում իրականացնելու միջոցով։ Կարեւոր էր, որպեսզի ընտանիքը, 1988 թվականի երկրաշարժից հետո, բնակարան ստացած եւ վաճառած, ինչպես նաեւ բնակարան ստանալու համար հաշվառված չլիներ, լիներ բազմազավակ, լիարժեք ընտանիք։

2016 թվականի երջանիկը Մաթեւոսյանների անապահով ընտանիքն էր, որ բնակվում էր Խրիմյան Հայրիկ փողոցի տնակներից մեկում։ Երեք անչափահաս երեխա ունեցող ընտանիքը պատրաստվում էր չորրորդիի ծննդին, երբ ջոկատի կամավորները, չնախատեսված այցով, անակնկալի բերեցին վերջինիս։ Մայրը տանը չէր. ծննդատանն էր։ Փոքրիկ Տաթեւիկն արդեն լույս աշխարհ էր եկել։ Երիտասարդները չզլացան ու սիրով անակնկալ մատուցեցին նաեւ ընտանիքի մայրիկին՝ Մարիամ Մաթեւոսյանին՝ այցելելով ծննդատուն։

Բարի լուրն ավետելուց եւ մի լավ ուրախանալուց հետո կամավորներն ու ընտանիքի անդամները շարժվեցին դեպի Գյումրու Բուլվարային թաղամաս. ինը հարկանի շենքերից մեկի 7-րդ հարկի երեք սենյականոց գեղեցիկ, բարեկարգ ու լուսավոր բնակարանում էլ բնակվելու է ընտանիքը։ Բնակարանամուտը, ինչպես ամեն տարի, այս անգամ եւս տեղի ունեցավ թեմակալ Առաջնորդի գլխավորությամբ։ Շնորհավորելով ընտանիքի անդամներին բնակարան ունենալու ուրախ առիթով՝ Սրբազան Հայրը նաեւ իր սրտի խոսքը հղեց երիտասարդներին, որոնց ջանքերն այս անգամ եւս ապարդյուն չէին անցել։ «Ապրե՛ք երեխաներ, վարձքներդ ի կատար։ Մեզ չորրորդ անգամ էլ պարզերես արեցիք։ Մնաց հինգերորդը, վեցերորդը։ Հուսանք յոթերորդի ժամանակ Գյումրիում արդեն բնակարանի կարիք ունեցող չի լինի»,- ասաց Միքայել Սրբազանը։

Մաթեւոսյանների ընտանիքը ոչ մի տեղ հաշվառված չէր եւ հույս չուներ, որ հնարավոր կլինի օրերից մի օր տեղափոխվել նոր ու լուսավոր բնակարան։ Ինչպես ամեն տարի՝ այս անգամ եւս տեղի ունեցավ տնօրհնեքի արարողություն։

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները