Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն
աշխարհի»...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

«ԻՋՑԷ ՈՐՊԷՍ ԶԱՆՁՐԵՒ Ի ՎԵՐԱՅ ԳԵՂՄԱՆ,
ՈՐՊԷՍ ՑՕՂ ԶԻ ՑՕՂԷ ՅԵՐԿԻՐ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆՈՒՄ

ունվարի 15-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հովվական այցով եղավ Աշոցքի համայնքի Մուսայելյան գյուղում։ Այն գտնվում է Աշոցքից 10-12 կմ հարավ-արեւելք, լեռնալանջին, իսկ Գյումրիից 35 կմ հյուսիս- արեւելք։ Մուսայելյանով է անցնում Գյումրի-Տաշիր խճուղին։

Գյուղը նախկինում կոչվել է Բոզյոխոշ, նաեւ Բոզղուշ, որ թարգմանաբար նշանակում է շեկ բարձունք։ Հավանաբար այն, ինչպես Շիրակի տարածաշրջանի մեծագույն մասը, քանդվել, ավերվել է մոնղոլական արշավանքների ժամանակ։ 1850 թվականին այստեղ բնակություն են հաստատել հիմնականում Ամասիայի Ջրաձոր գյուղից եկածները, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Բասենի գավառի Բղլասոն եւ Մասիս գավառի Մեզիղլադա գյուղերից գաղթած հայերը։ Գյուղում ժամանակին ապրել են նաեւ հույներ եւ ասորիներ։ Մուսայելյան է վերանվանվել 1946 թ. նոյեմբերի 12-ին՝ ի հիշատակ այստեղ ձերբակալված հեղափոխական Սարգիս Մուսայելյանի (1882-1920 թթ.)։

Գեղատեսիլ վայրում գտնվող գյուղը հարուստ է ալպյան մարգագետիններով։ Կլիման ցուրտ է, ձնառատ։ Գյուղի ճամփեզրին գտնվում է կարմիր տուֆի սրբատաշ քարերով հուշակոթողը՝ ի հիաշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված մուսայելյանցիների։ Տասնչորս այլ գյուղերի հետ միավորվելով՝ բնակավայրն այսօր գտնվում է Սարապատ համայնքի կազմում։

ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑԻՆ

1895 թվականին կառուցված, սակայն այսօր խոնարհված Ս. Տրդատ եկեղեցին ընդարձակ ուղղանկյուն դահլիճով կառույց է։ Պատերը շարված են սեւ տուֆի սրբատաշ քարերով եւ կրաշաղախով։ Արեւելյան եւ հարավային ճակատը զարդարում են խաչքարերը։ Ունի միայն մեկ մուտք։ Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով, Ս. Պատարագի սեղանով, իսկ հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է։ 1988-ի երկրաշարժից փլվել է տանիքը։ Հարավային ճակատին կա վրացական արձանագրություն։ Եկեղեցու ներսը լուսավորվում է, բոլոր ճակատներից բացված, երկուական լուսամուտներով։

Աստվածմերժության տարիներին այն եղել է հացահատիկի պահեստ։ Ցայսօր աղոթատունը խոնարհված է եւ գտնվում է շատ վատ վիճակում։ Քսանինը տարի կռիվ տալով բնության տարերքի եւ մարդկանց անտարբերության դեմ՝ աղոթատունն սպասում է հոգատար ձեռք ունեցող բարերարի։ Ս. Տրդատի արեւելյան կողմում գտնվող հին գերեզմանատանը պահպանվել են խաչքարերի բեկորներ, խոյաձեւ տապանաքարեր, իսկ նորը՝ արեւելյան կողմի սարալանջին է։

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ ԵՎ «ՀՐԱՇԱՓԱՌ»-ՈՎ

Հանրակրթական դպրոցի բակում, ավանդական աղ ու հացով, Սրբազան Հորը դիմավորեցին Աշոցքի համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, Սարապատ համայնքի Մուսայելյան գյուղի վարչական ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը, հանրակրթական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը, ուսուցչական կազմը, աշակերտներ եւ բարեպաշտ մուսայելյանցիներ։

Բարեողջույնի խոսքերից հետո Միքայել Սրբազանին առաջնորդեցին դպրոց։ Թեմակալ Առաջնորդը հանդիսությունների սրահ մուտք գործեց «Հրաշառ»-ի երգեցողությամբ եւ մատուցեց եպիսկոպոսական Սուրբ եւ անմահ Պատարագ։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Նրանք ովքեր ընդունեցին, նրանց տվեց իշխանություն Աստծո որդիներ լինել» բնաբանով, օրվան պատշաճող, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազանը։

Առաջնորդ Սրբազանն իր խոսքն ավարտեց գյուղում եկեղեցի ունենալու, աստվածավայել ապրելու, Աստծո որդիներ դառնալու եւ երեխաներին մկրտելու պատգամով։ «Տասնութ տարվա մեջ երկրորդ անգամ է, որ պատարագ եմ մատուցում այստեղ, բայց շատ բան չի փոխվել գյուղում. եկեղեցին դեռ խոնարհված է, թեեւ այս անգամ բազմամարդ է, եւ լուռ հետեւում եք Սուրբ Պատարագի ընթացքին։ Ես լիարժեք կուրախանամ, երբ վերականգնվի ձեր եկեղեցին, իսկ դուք գործեք որպես Աստծո որդիներ՝ մկրտեք ձեր երեխաներին եւ պսակեք եկեղեցում, հավիտենական հանգստի ուղարկեք եկեղեցով»,- առանձնակի շեշտեց Սրբազան Հայրը։

Սրբազան արարողության ընթացքում Սուրբ Հաղորդություն ստացան մի խումբ մուսայելյանցիներ։

Սուրբ Պատարագից հետո, ի պատիվ թեմակալ Առաջնորդի այցելության, տրվեց հյուրասիրություն։ Կատարվեց նաեւ մատաղօրհնություն։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները