Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն աշխարհի»...
 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

«ՏԷՐ ԱՍԱՑ ՑԻՍ` ՈՐԴԻ ԻՄ ԵՍ ԴՈՒ ԵՒ ԱՅՍՕՐ ԾՆԱՅ ԶՔԵԶ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Տեսեցէք, որպիսի սէր շնորհեաց մեզ Հայր, զի որդիք Աստուծոյ կոչեսցուք մեք»
Ա ՀՀ. Գ 1

ստվածային արարչագործությունն ինքնին հրաշափառ իրողություն է։ Անշուշտ առավել հրաշալի ու սքանչելի ճշմարտություն է Արարիչ Բանն Աստծո ծնունդը, որով, անեզր Աստված սահմանափակվելով, հայտնվեց կենդանիների մսուրում՝ ծնվելով Սուրբ Կույսից, նյութական, շոշափելի մարմին առնելով։ Շողաց Բեթղեհեմյան աստղը, որից լուսեղեն երեք ճառագայթներ իջան եւ հանգչեցին մսուրում` Մանուկ Հիսուսի խաչազարդ, բոլորակ լուսապսակին։ Այս երեք շողերը խորհրդանշում են, երկինքն ու երկիրն իրար կապող, Սուրբ Երրորդությունը, մեր փրկության համար մարդկային մարմին առած Փրկչին թե՛ երկնքում՝ Հոր մոտ եւ թե՛ երկրում` մեղավոր մարդկության մեջ, քանզի «ոչ մեկնելով ի Հօրէ, ի սուրբ այրին բազմեցավ…»։

Աստված մարդացավ, որպեսզի Աստծո պատկերով ստեղծված մարդը ճանաչի իր Արարչին, նրա կամքը, հարստանա հավատքով, Աստծո խոսքով, աստվածահաճո կյանքի փութաջանությամբ եւ, փրկության արժանացած, ժառանգի հավիտենական կյանքը։ Արդարեւ՝ ոչինչ չի կարող համեմատվել այդ հարստության` Աստծո Արքայության մեջ հավիտենական կյանք ունենալու շնորհի, հետ, որ մեզ պարգեւեց Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս` «մարդու Որդին, որ երկնքից էր» (ՀՀ. Գ 13)։

5 ՀՈՒՆՎԱՐԻ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ

Աստվածհայտնության խորհուրդը Շիրակի թեմի բարեպաշտ հավատացյալները կրկին վերապրեցին Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագով, որ մատուցվեց Ս. Յոթվերք, Ս. Հակոբ. Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե եւ Ս. Մինաս եկեղեցիներում։ Օրվա պատարագիչներն էին Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը, Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Տ. Եզնիկ քհն. Գալստյանը, Տ. Արսեն ավ. քհն. Սիմոնյանը, Տ. Փավստոս քհն. Սարգսյանը։ Հավարտ ժամերգության նախ ընթերցվեցին Դանիել մարգարեի թղթերը, ապա սկսվեց Սուրբ Պատարագը։

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, սրբազան արարողության ընթացքում` «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։ Մեկնելով օրվա խորհուրդը՝ Սրբազան Հայրն ի մասնավորի նշեց, որ «Սուրբ Ծննդյան տոնակատարություններն անցան եւ պիտի անցնեն թերեւս ամեն տարվա նման։ Բայց ծննդյան գաղափարը Հիսուս Քրիստոսով օր-օրի առավել եւս մեր կյանքի, մեր առօրյայի մաս պիտի կազմի եւ նրանով պիտի նորոգվենք։ Լինենք հին մարդը եւ հագնենք նորը։ Լսենք Աստծո ձայնը մեր խղճի միջոցով, նորոգենք մեր ապրելակերպը, մեր մտքերը, զգացումները, սիրտն ու հոգին, որպեսզի կարողանանք վերստին ծնվել որպես նոր մարդ…։

Մարդ արարածը, որքան օժտված լինի իմացական ու հոգեկան կարողություններով, առանց նոր ծննդի անկարող է ժառանգել Երկնքի Արքայությունը…»։ Շարունակելով իր խոսքը՝ Սրբազան Հայրը մեկ անգամ եւս շեշտեց, որ Հիսուս մարմնացավ, մարդացավ, անգամ խաչ բարձրացավ հանուն մարդու վերականգնման՝ մարդ արարածին բնորոշ փառքով ու պատվով…։

Նաեւ մաղթեց, որպեսզի ներկաները, բեթղեհեմյան երկնակամարում պայծառափայլող աստղի առաջնորդությամբ, վերակերտեն իրենց հայրենանվեր կյանքը, հոգիները վերածեն հոգեւոր քարայրի՝ այնտեղ ընդունելով Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, քանզի «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցավ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

Ի լրումն օրվա խորհրդի` ներկաները հաղորդվեցին մեր Տիրոջ Սուրբ եւ կենարար Մարմնին ու Արյանը։

Սրբազան արարողակարգին ներկա էին հյուրեր, մեծաթիվ բարեպաշտ գյումրեցիներ։ Հավարտ Սուրբ Պատարագի ներկաները, ի նշանավորումն բեթղեհեմյան Աստղի, եկեղեցու հրավառ կանթեղից վառեցին իրենց մոմերը՝ լույսի տեսքով տուն տանելով աստվածային օրհնությունը։

«ԵՒ ԲԱՆՆ ՄԱՐՄԻՆ ԵՂԵՒ ԵՒ ԲՆԱԿԵԱՑ Ի ՄԵԶ…»

Վեցը հունվարի։ Հայոց աշխարհում, եկեղեցիների զանգերի ղողանջների հետ միաձույլ, ասես Աստված Ինքն էր իջնում ձեռակերտ տաճարներ՝ սեր, խաղաղություն եւ հաճություն բերելով ամենքին։ Աստվածհայտնության Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ։ Ս. Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը, որով կրկին հիշատակվում էր, բեթղեհեմյան անմար աստղից ճառագող, սերը, ինչը հավատացյալ հայորդուն կոչում է ինքնաճանաչման։

ՋՐՕՐՆՀՆՅԱՑ ԿԱՐԳ

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդի, հոգեւորականաց հանդիսավոր թափորն ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ։ Կենաց ծառը խորհրդանշող ամանորյա տանածառի հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի վրա կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը, որ խորհրդանշում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հորդանանում։

Աղոթքների ընթերցմամբ եւ շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվեց Ավետարանով, խաչով եւ սրբագործվեց մյուռոնով։ Սրբազան Հայրը, խաչն իջեցնելով ջրի մեջ, Աստծուց հայցեց, որ ինչպես Սբ. Հոգին իջավ Տիրոջ վրա, այժմ նույնպես իջնի, օրհնի ու սրբացնի ջուրը, որպեսզի այն դառնա «տներին շենություն, հիվանդներին բժշկություն, հոգիներին ու մարմիններին փրկություն»։ Ապա, «Պահպանիչ» աղոթքի ուղեկցությամբ, խաչը հանձնեց Խաչատուր Բալասանյանին, ով արժանացել էր տարվա ջրօրհնեքի խաչի կնքահայրը լինելու պատվին։

Արարողությունից հետո, ինչպես ընդունված է, հավատացյալներն օրհնված ջուրը տուն տարան, որպեսզի ընտանիքի անդամներին եւս հաղորդակից դարձնեն օրվա խորհրդին։

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին՝ Ս. Ծննդյան հաջորդ օրը, Ս. Աստվածածին մայր եկեղեցում մեռելոցի Ս. Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը։

Մեռելոցը նախ երախտագիտության եւ հարգանքի արարողություն է ողջերի կողմից մեռյալների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն, ապա նրանց վերստին նորոգման, հարության հույս է պարգեւում։ Հավարտ սրբազան արարողության կատարվեց հոգեհանգսիտ՝ վասն համորեն ննջեցելոց։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները